Կարլա Բրունի. Նորաձևության աշխարհում բացակայում է ոտնձգությունը
Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, սուպերմոդել Կարլա Բրունին հայտարարել է այն մասին, որ բարձր նորաձևության աշխարհում, ի տարբերություն կինոինդուստրիայի, կանանց նկատմամբ ոտնձգությունների հետ կապված խնդիրներ չկան: Վեստի.ռու կայքը, հղում անելով Evening Standard-ին, գրում է, որ 49-ամյա Բրունին, ով ամուսնացած է Ֆրանսիայի նախկին նախագահ Ն. Սարկոզիի հետ, հայտնել է, որ նորաձևության աշխարհում կան սարսափելի մարդիկ, ինչպես ամենուր, բայց երիտասարդ աղջիկների համար այս ինդուստրիան այնքան էլ վտանգավոր չէ:
«Մարդիկ չեն ուզում վիրավորել աղջիկներին, նրանք ուզում են նրանց լուսանկարել: Այստեղ առողջ մթնոլորտ է»,- ասել սուպերմոդելը:
Բրունին նաև նշել է, որ նորաձևության աշխարհում գործակալները պաշտպանում են մոդելներին, որովհետև նրանք միասին են աշխատում:
«Բացի այդ, այս ինդուստրիայում շատ են կանայք, և բռնության դեպքերը չափազանց հազվադեպ են: Հնարավոր է, ես նաև սխալվում եմ»,- հավելել է նա: