ՀՔԾ. Վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործը
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կատարված առերևույթ հանցագործության` պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Ըստ քրեական գործի նյութերի` ապօրինի ծառահատումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության հիշյալ պաշտոնյան Հաղարծին գյուղի բնակչից բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրություն է կազմել Դիլիջան քաղաքի բնակչուհի Ս. Ասլանյանի մասնակցությամբ, սակայն վերջինս քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել, որ նշված գործողությանը չի մասնակցել:
Բացի այդ, Տավուշի մարզի ևս մեկ բնակիչ` Է. Սահակյանը, նախաքննության ընթացքում հայտնել է, որ իր տան բակում հայտնաբերված փայտանյութի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն պաշտոնյայի` Դիլիջանի բաժնի հետաքննիչի հետ այցելել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս, որտեղ ոստիկանության աշխատակիցն իրեն ուղղորդել է մատնացույց անել, իբր, իր կողմից ապօրինի հատված ծառերը, սակայն իրականում դրանք իր կողմից չեն հատվել:
Այսինքն, ըստ Է. Սահակյանի, զննման հիշյալ գործողությունը ձևական բնույթ է կրել և ուղղորդվել է հետաքննիչի կողմից: Ավելին` զննության և իր կողմից տրված բացատրության արձանագրություններում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նվել նաև Է. Սահակյանի որդին:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: