Արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերում բանակցային գործընթացներին. քաղաքագետ
«Ժնևում կայացած հանդիպումը, ինչպես նաև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական կողմի հերթական պարտությունն է»,- «Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, ով տեսազանգով միացել էր Ստեփանակերտից:
Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ համանախագահները, առաջին հերթին ԱՄՆ-ն, պարտադրել էին այն մեխանիզմների իրականացում, որոնք թույլ կտային մեղմացնել, հեշտացնել էսկալյացիայի վերահսկումը հակամարտության գոտում: Քաղաքագետը հիշեցրեց, որ հայկական կողմը հայտարարել էր, որ մինչև Ադրբեջանը չհամաձայնվի իրականացնել իր վրա ստանձնած պարտավորությունները, բովանդակային բանակցություններ տեղի չեն ունենալու:
«Ինչպես տեսանք, բանակցություններ տեղի ունեցան, ավելին՝ այդ բանակցությունների արդյունքում ընդունվել է մի հայտարարություն, որի մեջ որևէ խոսք չկա ոչ Վիեննայի, ոչ Սանկտ-Պետերբուրգի մասին: Իսկ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները հնարավորություն էին տալիս հայկական կողմին պահպանել ստատուս քվոն, նաև կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի իմիջը»,- ասաց Տ.Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է արցախյան արձանքներին այս և նմանատիպ այլ հանդիպումներին, նա նշեց, որ Արցախի ԱԳՆ հստակ նշել էր ինչպես 1994, 1995 թվականներին ձեռք բերված համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների անհրաժեշտության մասին: Քաղաքագետը նաև ասաց, որ արցախյան հասարակությունը լուրջ չի վերաբերում տեղի ունեցողին, բանակցային գործընթացն երկրորդական ինչ-որ կեղծ իրականություն է ընկալվում:
«Հասարակությունը տարիների ընթացքում հասկացել է, որ հակամարտությունն առնվազն մոտ ապագայում, գալիք տասնամյակների ընթացքում որևէ բանակցային լուծում չունի, հակամարտության խնդրի լուծման բանալիները պետք է փնտրել այլ հարթություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փորձել զարգացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերությունը, բանակը, կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք առայժմ չկան ոչ Հայաստանում, ոչ Արցախում:
Հարակից հրապարակումներ`
- Այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ. վերլուծաբան
- Ալիևի հայտարարությունները՝ հռետորական կամ դիվանագիտական բլեֆ. Արման Նավասարդյան
- Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հարցում հասնել խաղաղ կարգավորման
- Իրական առաջընթացի համար ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը. Արցախի ԱԳՆ
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել. Թևան Պողոսյան
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն