Եվրամայդանից հետո հաջորդ կանգառն է «ՄիխոՄայդանը»
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը կրկին անհանգիստ է. մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսը, ինչպես նաև Գերագույն Ռադայի շենքի հարող տարածքները փակված են ցուցարարների կողմից: Նախորդ գիշերվանից Ռադայի շենքի շուրջ գնալով մեծանում է վրանների թիվը:
Մինչ այս պահը ցուցարարները դրել են երեք պահանջ. չեղարկել պատգամավորական անձեռնմխելիությունը, ստեղծել հակակոռուպցիոն դատարան և փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում՝ չեղարկել մեծամասնական ընտրական համակարգը ու սահմանել կուսակցությունների բաց ցուցակներ:
Ներկայացված պահանջները տրամաբանական են հնչում այն համատեքստում, որ ուկրաինացիների մոտ հեղափոխական էյֆորիան արդեն իսկ իր տեղը զիջել է ակնկալիքների ճգնաժամի: Այն, ինչ նրանք սպասում էին 2014թ-ից մինչ այժմ շարունակվող արյունահեղության և զոհաբերությունների դիմաց, իրականություն չի դառնում: Իսկ իրավիճակից օգտվում են այս կամ այն պատճառով լուսանցքում մնացած ու «տորթի իրենց բաժինը» չստացած գործիչները. դասական քաղաքական գործընթաց:
Ուկրաինական և ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոկտեմբերի 17-ի առավոտից Գերագույն Ռադայի շենքի մերձակայքում մեկնարկած բողոքի ցույցերի կազմակերպման մեջ ներգրավված են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, ընդդիմադիր «Բատկիվշինա», «Այլընտրանք», «ԴեմԱլյանս», «Սամապոմիշ» կուսակցությունները: Ցուցարարների մեջ են եղել նաև «5.10», ազգայնական «Ազատություն», «Ազգային կորպուս» կուսակցությունների, «Ազնիվ» շարժման ներկայացուցիչներ և աջակիցներ, ինչպես նաև՝ Ռադայի անկախ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը (ով նաև հասցրել է ձեռնամարտի բռնվել իշխանության ներկայացուցիչների հետ), «Դեմոկրատական ալյանս» կուսակցության անդամ, եվրոօպտիմիստ պատգամավոր Մուստաֆա Նայըմը և Սերգեյ Լեշենկոն: Ինչ խոսք՝ ներկայացվածությունը խայտաբղետ է, համացանցում նույնիսկ «Դոնբաս» գումարտակի անդամների լուսանկարներ են տարածվել:
Նախօրեին տեղի ունեցած զարգացումների մեջ, այդուամենայնիվ, ամենահիշարժանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայությունն ու ազդեցիկ ելույթն էր, ինչից հասկանալի դարձավ, որ Օդեսսայի նախկին նահանգապետը հավակնում է բողոքի ակցիայի կազմակերպչի պարտականությունները ստանձնել: Դեռ ավելին՝ ցուցարարներից ոմանք բողոքի ակցիան ի պատիվ վերջինիս կոչում էին «ՄիխոՄայդան»:
Սաակաշվիլին իր ելույթում վերջնագիր ներկայացրեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ իրականացնել ցուցարարների ներկայացրած երեք պահանջները, հակառակ դեպքում սպառնալով դնել արդեն նախագահի հրաժարականի պահանջը: Ընդ որում Սաակաշվիլին իր ելույթում չմոռացավ հիշեցնել, որ իրենք բոլորով պայքարում են ու հաղթելու են Պուտինին:
Ինչ-ինչ, բայց Պորոշենկոն իր նախորդի դառը փորձը լավ է սերտել: Նախագահի արձագանքը չուշացավ, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ ըմբռնումով է մոտենում ակցիային և հարգում է ակցիայի մասնակիցներին, միևնույն ժամանակ խիստ պահանջ դրեց՝ ապահովել ցույցերի խաղաղ ընթացքը: Հայտարարությունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին նախագահի օրինագիծը, որն արդեն իսկ ուղարկված էր Ռադա, ներառվել է պառլամենտի ընթացիկ օրակարգում՝ որպես «անհետաձգելի օրինագիծ»: Իսկ Ռադայում Պորոշենկոյի ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն հայտարարեց, որ Ուկրաինայի պառլամենտում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող «Պետրո Պորոշենկոյի բլոկը» կաջակցի օրինագծի ընդունմանը:
Բողոքի ակցիան առաջնորդողներից պատգամավոր Մուստաֆա Նայըմը նախօրեի երեկոյան հայտարարեց, որ ցուցարարների պահանջներին առնչվող՝ հակակոռուպցիոն պալատների ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագիծը նախագահի ապարատի կողմից Ռադայից հետ է կանչվել և ենթարկվելու է փոփոխությունների:
Իրադարձությունների այս ընթացքից ակնհայտ է դառնում, որ Ուկրաինայի գործող իշխանությունները Պորոշենկոյի գլխավորությամբ խուսափում են ընդդիմադիր զանգվածների հետ կոշտ հակադրությունից և պատրաստ են գնալ զիջումների: Առաջին հայացքից թվում է, թե Պորոշենկոն պետք է որ խնդիրներ չունենար Ուկրաինայում կառավարելու հարցում, քանի որ կրում է Արևմուտքի լիարժեք հովանավորությունը ու միևնույն ժամանակ քիչ թե շատ կարողանում է լեզու գտնել Մոսկվայի հետ: Սակայն Ուկրաինայի պես երկրում, որտեղ խոշոր օլիգարխները մեծ ազդեցություն ունեն երկրի տարբեր հատվածներում և կարողանում են իրենց օրակարգն առաջ տանել կենտրոնական իշխանությունների մոտ, ու մյուս կողմից էլ՝ տիրում է հետհեղափոխական ապատիան, հավասարակշռությունը շատ խաբուսիկ կարող է թվալ:
Ասվածի վկայությունն է նախորդ ամսվա սկզբին ուկրաինական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ Շվեյցարիայում հանդիպում է տեղի ունեցել ուկրաինացի հայտնի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու, Միխեիլ Սաակաշվիլու, ինչպես նաև ուկրաինական NewsOne հեռուստալիքի ղեկավար Եվգենի Մուրաևի միջև: Այս հեռուստաընկերությունը միակն էր, որ սեպտեմբերի 10-ին ուղիղ եթերում հեռարձակում էր Սաակաշվիլու կողմից Ուկրաինայի սահմանի հատումը, իսկ այս օրերին այն մեծ ակտիվությամբ լուսաբանում է բողոքի ցույցերը: Ըստ այդ տեղեկատվության՝ Կոլոմոյսկին քողարկված աջակցություն է ցուցաբերում Սաակաշվիլուն, ինչպես նաև Յուլիա Տիմոշենկոյին՝ ընդդեմ Պետրո Պորոշենկոյի։
2004-05թթ-ին Նարնջագույն հեղափոխությունից հետո Ուկրաինային դեռ չի հաջողվում դուրս գալ իրար հաջորդող հեղափոխությունների ցիկլից ու հիմնել կայուն կենտրոնացված իշխանություն: Դրան խոչընդոտում են ինչպես հասարակության բարձր «եվրաակնկալիքները», այնպես էլ՝ հարևան Ռուսաստանի պառակտիչ ազդեցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ