Հին Եգիպտոսի անկման պատճառը
Հետազոտողների միջազգային խումբը եկել է եզրակացության, որ հնագույն եգիպտական քաղաքակրթության անկման պատճառը հրաբխի ժայթքումն է եղել, որը հանգեցրել կլիմայի գլոբալ փոփոխության: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Հնագույն Եգիպտոսի՝ որպես անտիկ մշակույթի, գոյությունը կախված է եղել Նեղոսի ամենամյա վարարումներից: Միկրոտարրերով ու օրգանական նյութերով հարուստ ջուրը պարբերաբար ողողում էր լայնարձակ հովիտը՝ ապահովելով տեղի հողերի բերքատվությունը: Դա էլ պայմանավորել է տարածաշրջանում հողագործության զարգացումը: Այդ պատճառով էլ Եգիպտոսի բոլոր խոշոր քաղաքները կառուցվել են գետահովտում: Նեղոսի վարարումն, իր հերթին, կախված է մուսոնային անձրևներից: Անձրևոտ փուլը սկսվում է հունիսին և շարունակվում մինչև դեկտեմբեր, ընդ որում տեղումների պիկը ամռանն է: Հին եգիպտացիները ցանքսը սկսել են հոկտեմբերին, երբ գետի ջրերը նահանջում էին: Սակայն որոշ տարիների Նեղոսը գրեթե չի հեղեղել հարթավայրը, ինչը հանգեցրել է բերքի բացակայության և հետևաբար տնտեսության և քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների:
Գիտնականները պարզել են, որ հրաբխային ժայթքումները, որոնց ժամանակ Երկրի մթնոլորտում հայտնվել են օդում կշռված մասնիկների մեծ քանակներ, կարող են Նեղոսի ջրի մակարդակի իջեցման պատճառ դառնալ: Քանի որ մասնիկները նպաստում են, որ արևի լույսն ավելի մեծ չափով է արտացոլվում մոլորակի գազային թաղանթից հակառակ դեպի տիեզերք, դա ազդում է ջերմության բաշխման և տեղումների քանակի վրա:
Պատմական տվյալների համաձայն, Նեղոսի վատ վարարման շրջաններից մեկը համընկել է Պտղոմեոսների դինաստիայի կառավարման շրջանին: Մոտավորապես մ.թ.ա. 44 թվականին, երբ Եգիպտոսը կառավարում էր Կլեոպատրան, երկրագնդի տարբեր հատվածներում հզոր հրաբխային ժայթքումներ էին գրանցվում: Մոխիրն ու տաք գազերը խախտել էին մուսոնային ցիկլը, իջեցրել Նեղոսի ջի մակարդակը և առաջացրել լուրջ սով: