Հակամարտության գոտում իրավիճակը տևական ժամանակ լարված է մնալու. Անդրեյ Արեշև
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից շոշափելի արդյունքներ չեն լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևը։
«Հանդիպումից հետո կրկին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հայկական կողմից զոհ եղավ: Ցավոք, սա կարծես ավանդական երևույթ է դարձել նման հանդիպումներից հետո։ Նմանատիպ միջադեպերն իհարկե թույլ չեն տալիս, չեն նպաստում հակամարտության կարգավորմանն ու կողմերի միջև տարրական վստահության մեխանիզմների ձևավորմանը»,- նշեց Արեշևը։
Քաղաքագետի խոսքով՝ վստահության երաշխիքների ձևավորմանը կնպաստի Վիեննայի պայմանավորվածությունների կատարումը, իսկ քանի դեռ դա չկա, հակամարտության գոտում իրավիճակը տևական ժամանակ լարված է մնալու. «Հույս է ներշնչում միայն այն փաստը, որ ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ՝ հակամարտությունն ուժով չի կարող լուծվել: Բանակցություններին այլընտրանք չկա»:
Նա շեշտեց, որ այստեղ փոխզիջումների ճանապարհը պահանջում է երկու կողմերի բարի կամքը, ինչը, սակայն, տեսանելի չէ և պարզ է, թե որ կողմից։
«Հակամարտության գոտում խաղաղապահներ չկան, կողմերն են պահպանելու հավասարակշռությունը: Խաղաղապահների առկայությունն ամրագրված է «Մադրիդյան սկզբունքներում», բայց այն չի կարող իրագործվել առանց մյուս կետերի՝ վստահության ամրապնդում, մոնիթորինգային մեխանիզմներ, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: Բայց անգամ այդ տեխնիկական հարցերն այժմ չեն լուծվում, ինչը էլ կանգնեցնում է բանակցային գործընթացը»,- ամփոփեց իր խոսքը Անդրեյ Արեշևը:
Հարակից հրապարակումներ`
- Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
- Քաղաքագետ. Ժնևում քննարկվել է հայկական կողմի մշակած օրակարգը
- Այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը. Շարմազանով
- «Հնարավոր չէ սահմաններին կրակել իրար վրա և արդյունքի հասնել բանակցություններում»
- Ժնևյան հանդիպման նպատակը լարվածության նվազեցումն էր. Բորիս Նավասարդյան
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները