Հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկում է տեղական արտադրողներից ԶՈւ գնումները յուրաքանչյուր տարի ավելացնել նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի գնումների առնվազն 2 տոկոսի չափով։
Նման առաջարկով խորհրդարանականը հանդես եկավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին:
«Հայկական բանակն իր գնումները պետք է կատարի տեղական արտադրողներից՝ այդ կերպ զարգացնելով մեր տնտեսությունը։ Առաջարկում ենք, որ դա ամրագրվի օրենքով»,-ասաց Մարուքյանը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկը ոչ նպատակահարմար գնահատեց:
«ԶՈւ-ն թիկունքային ապահովման իրենց գնումները մեծամասամբ կատարում են տեղական արտադրողներից և օրենքով ամրագրման կարիք չկա։ Ինչ վերաբերում է սպառազինության գնումներին, հետապնդում ենք որակի և արդյունավետության սկզբունքները»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը շեշտեց՝ այնպես չէ, որ իրենք դեմ են տեղական արտադրողների հետ համագործակցությանը:
«Պարզապես գտնում ենք, որ օրենքով նման կետ ամրագրելով՝ ոչ արդյունավետ դաշտ կստեղծվի»,-նշեց պաշտոնյան:
Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց« որ եթե ՊՆ-ն դեմ է նշված առաջարկին, նշանակում է՝ կառավարությունն էլ իր հերթին դեմ կլինի «Գնումների մասին» օրենքում նման փոփոխությանը։
Առաջարկությունը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացավ, կողմ քվեարկեցին միայն «Ելքի» երկու պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կամավորականությունը լիարժեք կարգավորման հիմքով պետք է տեղ գտնի օրենսդրության մեջ. Վիգեն Սարգսյան
- «Զորահավաքի լիազորությունը Գլխավոր շտաբից կփոխանցվի ՊՆ-ին» Վիգեն Սարգսյան