Սիրիան թուրք զինվորների ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա
Սիրիայի տեղեկատվության նախարար Մուհամմեդ Ռամիզ Թերջումանը Իդլիբ նահանգում թուրք զինվորների ներկայությունը որակել է որպես բացահայտ ագրեսիա՝ ուղղված Սիրիայի դեմ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թերջումանը հայտնել է նաև, որ Սիրիայի կառավարությունը դեմ է սիրիական ալ-Թանֆ քաղաքում ամերիկացի զինվորների ներկայությանը։ Դա նույնպես դիտարկվում է որպես ագրեսիա։
Սիրիացի պաշտոնյան նշել է, որ Սիրիայի տարածք ներխուժած ուժերը խախտում են ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումները և իրենց երկրի սուվերենությունը։
«Մենք իրավունք ունենք այդ ագրեսիային համարժեք պատասխան տալ։ Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանելու հյուսիսից հարավ, արևլքից-արևմուտք ընկած ցանկացած տարածքի նկատմամբ»,-ասել է նախարարը:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանի դիմաց՝ Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգներում, թուրքական կողմը մեծ թվով զինտեխնիկա է կուտակել։ Մասնավորապես Քիլիսում այժմ կենտրոնացված է 7 տանկ, ինչպես նաև հաուբիցներ, զրահապատ մեքենաներ։
Հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: