ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը՝ Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ ընտրությունների ժամանակ պահպանվել են հիմնարար ազատությունները, թեկնածուները կարողացել են ազատ ձևով մասնակցել քարոզարշավին։
Զեկույցում նաև նշվում է, որ Վրաստանում գրանցվել են ընտրողների և թեկնածուների վրա ճնշումների դեպքեր։ Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելությունը նկատել է օրինակ՝ պետական ծառայողների վրա իշխող կուսակցության օգտին քվեարկելու հարցում ճնշումներ։ Գրանցվել են նաև վարչական ռեսուրսների չարաշահման դեպքեր:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում նշվում է, որ ըստ մի շարք տեղեկությունների, մի շարք թեկնածուներ ճնշման ներքո հանել են իրենց թեկնածությունը։
«Այնուամենայնիվ, ընտրողների և թեկնածուների իրավունքների սահմանափակումներ, անհամապատասխանություններ դեռ առկա են։ 2017թ հուլիսի ընտրական օրենսգրքի փոփոխությունները հիմնականում տեխնիկական են եղել և չեն հասցեագրվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնական առաջարկներին»,-նշված է զեկույցում։
Անդրադառնալով մամուլի ազատությանը, զեկույցում նշվում է, որ վրաստանյան շատ ԶԼՄ-ներ քաղաքականացված են, օրինակ Իմեդի և Ռուսթավի-2 հեռուստաընկերություններով հեռարձակվող լուրերից պարզ է դառնում, թե հեռուստաընկերությունները որ քաղաքական ուժին են նախապատվություն տալիս։
«Ընտրության օրը Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելությունը նկատել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և քաղաքացի դիտորդներ գործընթացին միջամտել են այս կամ այն կուսակցության կամ թեկնածուների օգտին հանդես գալու համար»,-գրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։
Քարոզարշավի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ իշխող կուսակցությունը լայն քարոզարշավ է անցկացրել բազմաթիվ վահանակներով, բացօթյա քարոզարշավներով և այլն, մինչդեռ ընդդիմությունը սահմանափակ ֆինանսական հնարավորություն է ունեցել քարոզարշավն իրականացնելու համար։
«Բողոքներ և դիմումներ» խորագրի ներքո զեկույցում նշվում է, որ հոկտեմբերի 20-ին 36 քրեական գործ է հարուցվել հիմնականում ընտրությունների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ, ներառյալ 12 գործ պաշտոնական դիրքի չարաշահման, 8 դեպք ենթադրյալ բռնության և 2 դեպք սպառնալիքների վերաբերյալ:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Քորին Յոնքերը նշել է. «Մենք ուսումնասիրել ենք ընտրական գործընթաց, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ մասնակցելու քարոզարշավին, որում հարգել են հավաքների և խոսքի հիմնարար ազատությունները։ Իշխող կուսակցության գերիշխող դիրքը ակնհայտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
- ԵԱՀԿ դիտորդները Վրաստանում պետծառայողների վրա ճնշման դեպքեր են արձանագրել
- Վրաստանում ընդդիմությունը չի բացառում, որ կարող է փողոց դուրս գալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին