«Հավաքների ազատության մասին» օրինագծից «Ելքի» առաջարկով խնդրահարույց դրույթը հանվեց
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծում խնդրահարույց թվացող դրույթը հանվել է: Այս մասին այսօր խորհրդարանում նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
«Մի շարք դրույթներ են նախատեսվել, մինչդեռ երկրորդ հոդվածը խնդրահարույց էր, որի մասին «Ելք» խմբակցությունը հանդես էր եկել համապատասխան առաջարկով: Միակ փոփոխությունը, որ կատարվել է, այդ խնդրահարույց հոդվածը հանվել է»,-ասաց նա:
Մանրամասնելով խնդրահարույց դրույթը՝ փոխնախարարն ասաց. «Գործող օրենքի 5-րդ հոդվածին տրվում էր նոր շարադրանք, որ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ գործող օրենքը նույն նպատակն է հետապնդում, բայց ասում է, որ այնուամենայնիվ կարող ես սահմանել հավաքի ազատությունը, եթե այդ նպատակները գերակայում են հավաքի նպատակների նկատմամբ: Բնականաբար, գործող օրենքը պաշտպանության տեսանկյունից ավելի նպատակահարմար էր, որ մնար նախագծում, դրա համար տեքստից հանվեց, այլ խնդրահարույց կետեր չկան»։
Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր ելույթում նկատեց. «Առավոտյան հնչեց տեսակետ, թե ընդդիմության ներկայացրած ոչ մի առաջարկ չի ընդունվում, սա վառ օրինակներից մեկն էր, որ այդպես չէ»:
Թովմասյանի կարծիքով՝ առաջարկը բավականին ճիշտ էր։
«Եթե նախկինում երկրորդ հոդվածը կրկնում էր Սահմանադրության հոդվածը, այդուհանդերձ կարևորագույն էլեմենտ կա, միայն մեխանիկական կրկնությամբ չէր պայմանավորված: Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել բացառապես այն դեպքում, եթե այս իրավունքները գերակայություն ունեն հավաքի գերակայության նկատմամբ, որովհետև հավաքների ազատությունը նույնքան իրավունք է, որոնք մյուս իրավունքները: Մրցակցող, հավասարազոր իրավունքների պարագայում կոնկրետ իրավիճակը հաշվի առնելով՝ մասնակիցների թիվ, հանրային կարևորություն, հավաքի անհրաժեշտություն, կարող են ծանրութեթև անել, և նոր միայն հնարավոր լինի սահմանափակել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ