Գևորգ Կոստանյան. Անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրինագծի վրա
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում կալանավորված անձանց օրենսդիրների տեսակցության իրավունքի իրացման հետ կապված:
«Ամենաթարմ դեպքը ասեմ, «Արմավիր» ՔԿՀ-ում եմ եղել, հինգ-վեց մասնաշենք ունի, ամեն շենքում մի 30 խցիկ: Մոտենում եմ մասնաշենքի դռանը, ասում եմ, բացեք, էս դուռը, ներս մտնեմ, ասում են՝ չէ: Ասում եմ՝ ո՞նց չէ: Պատասխանում են, որովհետև ներսում կան կալանավորներ, որոնց հետ քննիչը տեսակցություններն արգելել է»,-ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա իրավիճակը որակեց աբսուրդ, ԱԺ-ի, պատգամավորների իրավունքների խիստ սահմանափակում, որը պետք է վերացվի:
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր քննարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրինագծին:
«Ելք»-ից պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդպիսով ընդդիմադիր խմբակցությանը զրկում են լսված լինելու իրավունքից: Նա առաջարկեց նախագծին կողմ քվեարկել, որպեսզի այն ընդգրկվի օրակարգում, լինեն բովանդակային քննարկումներ:
«Մենք ընդամենը ուզում ենք բովանդակային քննարկում հրահրել: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել ու մտցնել օրակարգ, որպեսզի բովանդակային քննարկում լինի, որպեսզի մեզ համոզեք, թե ինչու պետք է ոչ ասել դրան»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ այս կառավարությունը շարունակում է նախորդի արատավոր գործելաոճը և մերժում է ընդդիմադիր ուժերի ներկայացրած նախաձեռնությունները:
«Մենք առաջարկում ենք, որ կասկածյալների ու մեղադրյալների հարցաքննությունները տեսաձայնագրվեն»,-ասաց Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ դա ԵԽ խոշտանգումների հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է:
Նա էլ առաջարկեց կողմ քվեարկել, օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել, որպեսզի հետագայում պետբյուջեից միջոցներ հատկացվեն՝ քննչական սենյակները անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար:
Ն. Զոհրաբյանը խորհուրդ տվեց ԱԺ-ին գոնե մեկ անգամ չենթարկվել կառավարության կոնվերային մտածողությանը, չդակել ու չմերժել ընդդիմադիրների ներկայացրած նախաձեռնությունը:
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ տեսաձայնագրության վերաբերյալ առաջարկին:
«Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձևավորում են վկաներն ու տուժողները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձեռք բերվի առանց հնարավոր խոշտանգումների կամ միջամտությունների, թող դրանք լինեն և՛ տուժողները, և՛ կասկածյալները, և՛ մեղադրյալները: Բայց խնդրն այն է, որ տեսաձայնագրությունը, որպես ապացույց օգտագործելը, կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Այն սուբյեկտը, որը նախաքննության սկզբնական փուլում տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, հաջորդ փուլերում արդեն իսկ կաշկանդված է լինում: Ավելին շատ երկրներում սկսել են հրաժարվել ցուցմունքի տեսաձայնագրությունից, որովհետև նույն ճնշման եղանակները կարող է իրականացվել անձի նկատմամբ մինչև տեսաձայնագրությունը: Տեսաձայնագրությունը քրեադատավարության առումով արդյունավետ միջոց չի համարվում», -հիմնավորեց Գ. Կոստանյանը:
Նա ընդգծեց, որ տեսաձայնագրման միջոցով մենք կաշկանդելու ենք ցուցմունք տվողին. «Առաջին հայացքից մենք լավ բան ենք ուզում անել, բայց լրջագույն պրոբլեմ ենք ստեղծելու, եթե այս օրենքը քննարկման առարկա դառնա: Իմ կարծիքով, անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրինագծի վրա»:
Քվեարկությամբ խորհրդարանը մերժեց քառօրյայի օրակարգում ներառել «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դեմ քվեարկեց 51 պատգամավոր, կողմ՝ 34, ձեռնպահ՝ 6:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ