HRW. Եվրոպան պետք է համախմբվի Ադրբեջանին հակազդելու համար
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադառնալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ադրբեջանի հանդեպ արված զգուշացմանը, նշում է, որ խաղադրույքն այս հարցում բարձր է, քանի որ Ադրբեջանը սպառնում է հեռանալ Եվրոպայի խորհրդից։
Սակայն, Գոգիան խորհուրդ է տալիս նախարարների կոմիտեին Բաքվի սպառնալիքներին և ճնշումներին տեղիք չտալ։
«Չնայած 2014թ-ի մայիսին Եվրոպայի խորհրդի կոշտ դատավճռին, ոխակալ իշխանության շնորհիվ Մամեդովը մնաց բանտախցում։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վերջինիս ճանաչեց որպես խղճի բանտարկյալ։
2015թ-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այս առնչությամբ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, սակայն Ադրբեջանի արհամարհանքը շարունակվում է՝ Մամեդովը բանտում է։
Պետությունները պետք է համախմբվեն ու վերջ դնեն Ադրբեջանի արհամարհական կեցվածքին և արդարությանը ծաղրանքով վերաբերվելուն»,- գրել է վերջինս։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին պաշտոնապես ծանուցել է «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ կապված իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը։