Բրիտանահայ բժիշկ. Ըսել է՝ մինակս չեմ
Ընտանեկան բժիշկ Գևորգ Հոպայանը տարին երկու անգամ գալիս է հայրենիք՝ դասախոսելու: Ծնված լինելով հայրենիքից դուրս, մայրենի լեզվին լավ չտիրապետելով՝ արդեն հասուն տարիքում փորձում է բացը լրացնել. սովորում է հայերեն գրել և կարդալ:
Հայաստան առաջին այցի ժամանակ հասկացավ՝ հայերենի իմացությունը թույլ է, որոշեց բարելավել, ասում է՝ որոշեց ոչ թե արևելահայերեն, այլ արևմտահայերեն սովորել, որովհետև դա է իր ընտանիքի լեզուն:
Գևորգ Հոպայանն ընտանեկան բժիշկ է, ընտանեկան բժշկության պրոֆեսոր: Հայաստան հերթական այցի պատճառը երիտասարդ բժիշկների գիտաժողովն է՝ զեկույց ուներ:
Հոպայանի և մայրը, և հայրը հայ են, ծնվել և ապրել են Հայաստանից դուրս՝ մայրը ծնվել է Հունաստանում, հայրը՝ Կիպրոսում:
«Երբ որ չորս տարեկան՝ հազիվ հինգ տարեկան էի, Անգլիա փոխադրվեցանք և հոն մեծցա»,- պատմում է Հոպայանը: Ընտանիքում բժիշկներ չկան, ինքն առաջինն է ընտանիքից, ով բուհ է ընդունվել: Հոպայանի ծնողները Ցեղասպանությունից փրկվածների սերունդ են. տատերն ու պապերը ջարդերից են փախել:
Բժիշկը պատմում է՝ երբ Կիպրոսն անկախություն շահեց, Բրիտանիան հայերին բրիտանական քաղաքացիություն առաջարկեց, իր ծնողներն էլ շատերի պես լավ կյանքի փնտրտուքով գնացին Բրիտանիա:
Զրուցում ենք հայերեն, պատճառը թե իմ՝ անգլերեն բավարար չափով չիմանալն է, և թե բժշկի՝ մայրենիով խոսելու ցանկությունը:
Դժվարանում է ասել՝ Հայաստանում ամենից շատ ինչն է սիրում: Պատասխանում է շատ կարճ.
«Ամեն ինչ: Ուրախ եմ, որ հայրենիք կայցելեմ»: Իբրև ամենից տեսարժան վայրեր՝ առանձնացնում է Ջերմուկը, Հաղպատի վանքը:
«Հաղպատի վանքը շատ հետաքրքիր էր ինձ համար, հատկապես՝ քանի որ Սայաթ-Նովան այնտեղ է եղել: Երկու աղջիկ ունեմ, երկուսն էլ երաժիշտ, Սայաթ-Նովայի երգերն են նվագում, այդ կապը կա, և գեղեցիկ մարզ է այն»,- ասում է նա:
Կինն անգլիացի է, աղջիկները դեռ հայերեն չգիտեն, բայց ասում է՝ ինքն էլ մինչև Հայաստան գալը հայերեն չգիտեր, հետո սկսեց սովորել: Փոքր աղջիկն այցելեց Հայաստան, սիրեց մեր երկիրը:
Հայաստան տեղափոխվելու մասին բժիշկը չի մտածում, քանի որ արդեն իր կյանքն ու գործն ունի դրսում, որ չի կարող կորցնել:
Խոսում ենք Հայաստանում բժշկության զարգացման, ձեռքբերումների մասին, ասում է՝ բժշկությունը բավական զարգացած է, առաջին քայլերը խոստումնալից են, թեպետ դեռ աճելու տեղ շատ կա:
«Ինձի կերևի, որ սովիետական ձևերը դեռ կան: Ըսել է, որ շատ դասավորությունը դասերու մեջ է, դասարանին մեջ, ոչ թե հիվանդներով: Եվրոպա, Ամերիկա, անանկ տեղեր ուսանողները բավական ժամանակ կանցընեն հիվանդներու հետ. համալսարանի մեջ առաջին տարվընե կըսկսին»,- նշում է նա:
Անգլիայում ընտանեկան բժիշկ դառնալու համար հինգ տարի են սովորում, այստեղ՝ երկու: Հոպայանը հայ ուսանողների մեջ նկատել է ուսման ծարավ, ոգևորություն, ասում է՝ նրանք շատ գիտելիքներ ունեն և նախաձեռնող են, ու եթե նրանց օգնեն՝ շատ առաջ կգնան, կհասնեն բարձունքների:
Բժիշկ Հոպայանը, ապրելով և գործելով հայրենիքից դուրս, անտարբեր չէ մեր երկրում կատարվողի նկատմամբ: Ապրիլյան պատերազմի օրերին Անգլիայում գործող իրենց կազմակերպությունը՝ Հայ բժիշկների միությունը, գումար հավաքեց և ուղարկեց հայրենիք:
Զրույցն ավարտվում է, հրաժեշտից քիչ անց բժիշկ Հոպայանը մոտենում է և ասում, որ ասվածին հավելելու բան ունի: Պատասխանում է հարցին՝ ամենից շատ ի՞նչն է սիրում Հայաստանում:
«Երբ որ Երևան կիջնամ, կրնամ քայլել փողոցին մեջ, մեկը ետևես Գևորգ կկանչե, գլուխս կդարձնեմ, և ուրիշ Գևորգի կխոսին, աս ինձի համար շատ հաճելի բան մըն է, ըսել է՝ մինակս չեմ, միայն մեկ Գևորգ չիկա»,- ասում է նա: