Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամը շարունակվում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին հանդիպման չկայանալը վկայում է երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի շարունակվելու մասին:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, լրագրողների հետ հանդիպմանը Պուտինը միաժամանակ հաջողված է համարել Թրամփի հետ կարճ հանդիպումը :
«Մենք այսօրվա նիստի ժամանակ խոսեցինք, շփվեցինք: Ընդհանուր առմամբ՝ քննարկեցինք այն ամենը, ինչ ցանկանում էինք»,- ասել է նա:
Դոնալդ Թրամփն իր հերթին պատմել է, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողովի ընթացքում երկու կամ երեք անգամ Վլադիմիր Պուտինի հետ կարճատև զրույց են ունեցել: ԱՄՆ նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Պուտինը հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքները: Բացի այդ, Թրամփի խոսքով, ՌԴ ղեկավարը «շատ վիրավորված է» մշտական մեղադրանքների պատճառով: ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը խոչընդոտում են ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը: