ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել էներգետիկայի ոլորտի ծրագրերին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենիի հետ հանդիպմանը քննարկել է էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։
ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։
Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարը կարևորվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում։
Քրիստոֆեր Թիեն հայտնել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները։