Եկեք տեսնենք՝ ՀՀ-ում ամենաշատ գրանտ ով է ստացել. Արտակ Զեյնալյան
Խորհրդարանում այսօր հայտարարությունների ժամին ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Բաբուխանյանի հայտարարությանը, թե «Հանրային օրակարգ» ՀԿ-ն «Սորոս» հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար գրանտ որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» հայեցակարգը։
«Մի քանի օր առաջ հրապարակվել է թշվառության ցուցանիշը, և Հայաստանը ժողովրդի թշվառության առումով վատ վիճակում է, այդտեղ մեծ տեղ ունի միլիտարիզացիան՝ ռազմականացվածության չափը: Ռազմականացման դեմ իրականացվող քարոզչությունը կամ ազատություն արտահայտելու հասարակության պահանջը պետական շահի բաղկացուցիչ մասն է: Դրա համար քարոզչություն իրականացրած դոնոր կազմակերպության վերաբերյալ հնչեցնել նման կարծիքներ, չի բխում ՀՀ շահերից»,- ասաց «Ելք»-ի պատգամավորը։
Զեյնալյանի նշեց, թե եկեք տեսնենք՝ ՀՀ-ում ամենաշատ գրանտ ով է ստացել, եթե ոչ Հայաստանի կառավարությունը և ՀՀ բյուջեն:
«ՀԿ-ներին անվանակոչել գրանտակեր, երբ դուք ՀՀ-ն եք ներկայացնում ու ամենաշատն եք ստացել, կարծում եմ, ազնիվ ու արդար չէ։ Այս կազմակերպությունները փակելու կոչերը եթե ոչ ռասիստական են, ապա գոնե դեմ են ՀՀ շահերին»,- հավելեց պատգամավորը։