Երեխայի նկատմամբ բռնության մասին հայտարարությունը լիովին չի համապատասխանում իրականությանը. ԿԳ նախարար
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ինչպես պետք է կանխարգելել դպրոցներում բռնությունների դեպքերը։ Նա նշեց, որ նկատի ունի Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում օրերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, երբ շրջանառվող լուրերի համաձայն՝ դասընկերները կապել են նրա ձեռքերը և կտրել թարթիչները։
Լևոն Մկրտչյանն ի պատասխանն ընդգծեց, նշված դպրոցում տեղի ունեցած դեպքի մասին հայտարարությունը լիովին չի համապատասխանում իրականությանը. «Կարճ ժամանակ հետո դպրոցի տնօրենը պարզաբանեց, որ, ըստ էության, այդպիսի խնդիր չի եղել, երեխան ինքը` հոգեվիճակով մի քիչ այլ երեխա է, և ընտանիքի ներսում էլ հակասություն է եղել»։
Նախարարը կոչ արեց հանրային նշանակություն ունեցող նման հարցերի լուսաբանման դեպքում զգուշավորություն ցուցաբերել, քանի որ տեղի ունեցածը, որքան էլ կարճ ժամանակում հերքվեց, սակայն մեծ վնաս հասցրեց մայրաքաղաքի լավագույն ուսումնական հաստատություններից մեկի վարկանիշին.
«Մենք տեղում ճշտեցինք, որևէ ձևով այդ փաստը չի ապացուցվում և հստակ է, որ նման խնդիր չի եղել», - ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի օրերս Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. դպրոցի աշակերտներից 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ բռնություն է կիրառվել դասընկերների կողմից։ Երեխայի մոր խոսքերով, 3 դասընկերներ կպչուն ժապավենով կապել են տղայի ձեռքերը մի քանի հարված հասցրել, այնուհետև նրանցից մեկը մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: