Վերջին ամիսներին թուրքական մամուլում ամենաշատը հրեաներն ու սիրիացիներն են թիրախավորվել
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Ատելության խոսքը մամուլում» նախագծի շրջանակներում հերթական զեկույցն է հրապարակվել, որն ընդգրկում է 2017-ի մայիսիս մինչև օգոստոս ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ զեկույցից պարզ է դարձել, որ 4 ամիսների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում էթնիկ և կրոնական խմբերի վերաբերյալ ատելություն պարունակող 1910 սյունակ ու լուր է հրապարակվել:
Դրանցում 48 առանձին խմբերին ուղղված ընդհանուր առմամբ 2466 ատելություն պարունակող արտահայտություն է տեղ գտել: Ամենաշատը թիրախավորվել են հրեաներն (493 արտահայտույուն) ու սիրիացիները (472 արտահայտություն): 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար հույներն (256 արտահայտություն) ու հայերը (247 արտահայտություն):
Նշվում է, որ հրեաները վերջին շրջանում ավելի շատ են թիրափավորվել Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթում տեղի ունեցած բախումների ու դրա շուրջը ստեղծված լարվածության համատեքստում: Իսկ սիրիացիները (փախստական) թուրքական լրատվամիջոցների կողմից դիտարկվել են որպես երկրի տնտեսական վիճակի վատացման պատճառներից մեկը:
Թուրքական մամուլում ամենաշատ ատելություն պարունակող հրապարարակումներ են արել «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Mesaj», «Yeni Çağ» և «Diriliş Postası» ազգայնական թերթերը: