Հոկտեմբերին ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է 1.1 մլրդ դրամ
2017թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 482,855, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,499-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, հոկտեմբեր ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով մոտ 283 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 5,369, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 679-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 193,607 ՀՀ դրամ:
2017 թվականի հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 62%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 10 տոկոսային կետով:
Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն՝ 126,013 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 3 մլրդ 975,3 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 103,790 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 3 մլրդ 332,7 մլն դրամով:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 96,180 պայմանագրերով ու մոտ 3 մլրդ 170,301 մլն դրամով: Չորրորդը «Ռեսո» ընկերությունն է 64,443 պայմանագրերով և 1 մլրդ 984,2 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 58,952 պայմանագրերով ու շուրջ 1 մլրդ 852,580 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 33, 477 պայմանագրերով ու 1 մլրդ 45,9 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: