37 կիլոգրամանոց տոնական խաչապուրին ռեկորդակիր է դարձել
Սոչիում՝ քաղաքի օրվա առթիվ պատրաստված հսկայական խաչապուրին տեղ է գտել Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, խաչապուրին կշռել է 37,5 կիլոգրամ, երկարությունը՝ 230 սմ, լայնությունը՝ 130 սմ, բարձրությունը՝ 6 սմ:
Աջարական հսկա խաչապուրիի համտեսումը դարձել է տոնական օրվա կարևորագույն միջոցառումը:
Խաչապուրին թխել են հատուկ վառարանում, տեխնոլոգներն ու խոհարարները աշխատանքը սկսել են առավոտյան ժամը 6-ից:
Աշխատանքին մասնակցել են մոտ 10 մասնագետներ: Ռեկորդակիր խաչապուրու պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 12 կգ ալյուր, 16 կգ պանիր, 100 ձու, ինչպես նաև կաթ, ջուր, շաքարավազ, խմորիչ, կարագ և արևածաղկի ձեթ: Խաչապուրին կտրատել են և հյուրասիրել տոնական միջոցառման բոլոր մասնակիցներին: