Անհեթեթություն է պնդել, որ Վանաձորի ավագանին անօրինական է գործել. Մամիկոն Ասլանյանը
«Նիստերը ճանաչվել են օրինական, կայացված նիստեր»,- այս մասին այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, ըստ որի ՝ հակասահմանադրական է ճանաչվել Վանաձորի ավագանու՝ քվորումի բացակայության պայմաններում ընդունված որոշումները:
«Հակասահմանադրական ճանաչվել է «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 63 հոդվածի 3-րդ կետը: Դրա հիման վրա կայացված նիստերը Ազգային ժողովի կողմից մինչև մարտի 31-ը այդ հոդվածը նոր տեսքին բերելուց հետո միայն մեր ընդունած որոշումները կդադարեն լինել օրինական», - ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ այսպիսով, մինև ՍԴ որոշումը, բոլոր գործողությունները օրինական են եղել, քանի որ բխել են ՏԻՄ օրենքից։
Ըստ նրա՝ մինչև մարտի 31-ը գործում է հին ՏԻՄ օրենքը: «Սահմանադրական դատարանը մինչև մարտի 31-ը ժամանակ է տվել Ազգային ժողովին, որ համապատասխան օրենքում կատարվեն փոփոխություններ: Մենք մեկ տարի առաջ չէինք կարող կանխագուշակել, որ մեկ տարի հետո ՏԻՄ օրենքի 63 հոդվածը ճանաչվելու է հակասահմանադրական», - ընդգծեց Վանաձորի քաղաքապետը:
Նա նշեց, որ այն պատգամավորները, որոնք օրենքի հակասահմանադրականության մասին բարձրաձայնում են, նախորդ գումարման ԱԺ-ում այդ օրենքն «իրենց աչքի առաջ է քննարկվել ու քվեարկել», ինքն էլ այդ ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել:
«Իրենք էլ չեն տեսել այդ օրենքի հակասահմանադրական տարրերը, միայն կիրառելու ընթացքում դիմել են ՍԴ և վերջինս կայացրել է նման որոշում: Բոլորս պարտավոր ենք ենթարկվել Հայաստանում գործող օրենքներին և մայր օրենքին, բայց որևէ քաղաքապետ կամ սովորական անձ չի կարող օրենքի հակասահմանադրականությունն ինքը որոշել: Հետևաբար, ես օրենքը կիրառել եմ այնպես, ինչպես պետք է կիրառվեր: Ուստի անհեթեթություն է պնդել, որ Վանաձորի ավագանին անօրինական է գործել: Չի կարելի թմբկահարել, աղաղակել, մարդկանց մոլորության մեջ գցել»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հարցին, թե «Ելք» խմբակցությունը դիմելու է կառավարություն՝ լուծարելու Վանաձորի ավագանին, Ասլանյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Իրանք ամեն օր մի տեղ դիմում են, բացի Վանաձորի ավագանում աշխատելուց: Վանաձորն այսօր խնդիր ունի աշխատելու»:
Հարակից հրապարակումներ`
- Առայժ հիմք չկա Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելու համար. Վահրամ Բաղդասարյան
- Վանաձորի ավագանու «Հանրապետական» խմբակցությունը քնած դշխուհին է. Փաշինյան
- Վանաձորի ավագանին պետք է լուծարվի. Էդմոն Մարուքյան
- Վանաձորի ավագանու վիճարկվող որոշումներն ուժը կորցրած ճանաչվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին