300 կենսաթոշակառուների մասով 3000 տարի ստաժ է նվազեցվել. Հովհաննես Սահակյան
Սոցիալական ապահովության պետական ծառայությունն իր ամենօրյա աշխատանքում որդեգրել է ազնվության սկզբունքը: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, այս մասին նշեց ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա հայտնեց, որ իրենք արդեն իսկ եղել են Հայաստանի 8 մարզերում, երկու մարզ դեռ չեն այցելել, առաջիկայում՝ ԼՂ այցի շրջանակներում այդ բացը կլրացնեն: Մարզեր այցերի ընթացքում հիմնական բողոքները չհիմնավորված ստաժից են լինում: Ծառայությանը տարեկան մոտ 250 000 դիմում է ներկայացվում:
Սահակյանը նշեց, որ գործընթաց են սկսում նախ ռիսկային գործատուների ստուգումից, պարզում են՝ ստաժը կեղծ է, թե ոչ, անհրաժեշտության դեպքում վերահաշվարկում, ավել վճարված գումարը վերադարձնում պետական բյուջե: Հանցագործության տարրեր նկատվելու դեպքում արդեն դիմում են իրավապահներին: Սահակյանը հայտնեց, որ արդեն իսկ պետական բյուջե է գանձվել 4-5 միլիոն դրամ: Ծառայության պետը նշեց, որ փորձում են սոցիալական արդարությունը վերականգնել, երբ որևէ քաղաքացի, ով չի աշխատել, ավելի շատ թոշակ է ստանում, քան օրուգիշեր աշխատած մեկ այլ քաղաքացի:
ՍԱՊԾ-ն չորս ծրագիր է մշակել՝ ոլորտում վերհանված խնդիրների կարգավորման ուղղությամբ, դրանցից մեկը գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգն է:
ՍԱՊԾ պետի խոսքով՝ աշխատանքային գրքույկների թվայնացման ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Պատասխանատվության են ենթարկվել ՍԱՊԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու 11 աշխատակիցները: Սահակյանը նշեց, որ ստուգումների արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով 3000 տարի ստաժ է նվազեցվել:
Ծառայության պետն անդրադարձավ նպաստների համակարգին, տեղեկացրեց, որ այսուհետ դիմողն ինքն է որոշելու՝ որտեղից և ինչ եղանակով ստանալ նպաստը: Այս ծրագիրը հունվարի 1-ից տարածվելու է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա: Խոսելով նվազագույն 16 հազար դրամ կենսաթոշակից, Սահակյանը նկատեց, թե այն իհարկե, բավարար չէ, և հույս հայտնեց, որ 2018 թվականի կայունացման բյուջեն այս խնդիրները կկարգավորի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ