Քննչականից միջնորդագիր Լոռու մարզպետին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը միջնորդագիր է ուղարկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու ընթացքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ՝ առաջարկելով գործուն միջոցներ ձեռնարկել՝ խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հիշեցնում են, որ հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ, որոնք թույլ են տրվել ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ վերաբերմունք, չեն ձեռնարկել անհրաժեշտ բուժմիջոցառումներ, որն էլ գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ հետծննդյան շրջանում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունների շարունակական զարգացման և նրա մահվան հետ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ուսումնասիրվել են նաև ցուցաբերված բժշկական օգնության որակի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումները, որոնց արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի դրսևորումը կրում է շարունակական և պարբերական բնույթ, ինչի արդյունքում հասարակության շրջանում առաջանում են դժգոհություններ, նվազում վստահությունը ոչ միայն կոնկրետ բժշկական կենտրոնի, այլև՝ Լոռու մարզի տարածքում գործող բոլոր բժշկական կենտրոնների նկատմամբ ընդհանրապես:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մանրամասն ներկայացնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցների կողմից թույլ տրված խախտումները՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանը մարզպետին միջնորդել է քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ` «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումները վերացնելու, բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ու բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին
- 32-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները
- Վանաձորի ծննդատանը կնոջ մահվան դեպքի կապակցությամբ նոր փորձաքննություն է նշանակվել
- Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ
- Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը