Թբիլիսիում 15 ժամից ավելի շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
Թբիլիսիի Իսանիի շրջանում՝ Գաբրիել Սալոսի փողոցում, արդեն ավելի քան 15 ժամ շարունակվում է հատուկ գործողություն՝ տեղի բնակելի բազմաբնակարան շենքում թաքնված անձանց խմբին ձերբակալելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, նշված խումբը մեղադրվում է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ: Առավոտյան թիվ 46 շենքում ուժեղ պայթյուն է լսվել, որից հետո բնակարաններից մեկից հաստ ծուխ է դուրս եկել:
Նախնական տվյալներով՝ երրորդ հարկի նշված բնակարանում մարդիկ են, ում փորձում է ձերբակալել հատուկ նշանակության ջոկատը: Շենքի հարևանությամբ գտնվող տարածքում գիշերվանից կենտրոնացված են հատուկջոկատայինների լրացուցիչ ուժեր:
Ողջ գիշեր շենքում լսվել են կրակոցներ և նռնակների պայթյուններ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ մեղադրվող անձինք Վրաստանի քաղաքացի չեն:
Իրավապահներն արգելափակել են մի քանի բնակելի շենքերի մուտքերը: Տեղում կենտրոնացված են նաև շտապօգնության բրիգադները: Ներկա դրությամբ հաստատված է մեկ հատուկջոկատայինի վիրավորվելու մասին տեղեկությունը: Կան տվյալներ նաև երկու մարդու վիրավորվելու մասին, սակայն այդ տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվում: