Սպասենք Բաքվի և Ռուսաստանի միջև դիվանագիտական սկանդալի
«Եվրասիանեթ» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելուն ու գրել է, որ այս միջադեպը երկու պետությունների հարաբերությունները կբարդացնի։
Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ էր կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2009թ-ից ի վեր։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իրենց աղբյուրներին գրել էին, որ Ռուսաստանը Դորոխինի փոխարեն առաջարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը, սակայն Ադրբեջանը չի հաստատել նրա թեկնածությունը։
«Տեղեկություններ կան, որ Զուևը հայամետ դիրքորոշում ունի և դրա համար Ադրբեջանն այն չի հաստատել, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց այդ տեղեկությունը։ Ադրբեջանական մամուլում տեղեկություններ կան, որ Բաքուն նման կեպ փորձում է մեսիջ ուղարկել Մոսկվային, սակայն անհայտ է մեսիջի բովանդակությունը»,-գրել է «Եվրասիանեթ»-ը։
Ադրբեջանական մամուլն իր հերթին փորձում է հասկանալ դեսպանի թեկնածությունը մերժելու պատճառը։
«Շատերը կարծում են, որ Զուևը Բաքու է գալիս հատուկ առաքելությամբ՝ չէ՞ որ հաջորդ տարի Ադրբեջանում նախագահական ընտրություններն են և նա կարող է իր առաքելությունն ունենալ այդ հարցում՝ Ռուսաստանի անմիջական միջամտությամբ։ Դորոխինը հրաժեշտի մասնավորապես գրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը քաղաքական տարբեր շահեր ունեն։ Դորոխինի գաղտնի մեսիջներից կարելի է հասկանալ, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է գնում, նրանց ճանապարհը քարքարոտ է։ Համենայնդեպս, դեսպանի թեկնածությունը մերժելը հազվադեպ երևույթ է»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։