Ապահովված ընտանիքների շատ կանայք այն աստիճան են ծեծվում, որ մի քանի անգամ դիմում են պլաստիկ վիրահատության. պատգամավոր
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն ուզում է, որ այն երբեք ոչ մի ընտանիքում չկիրառվի:
«Կարծում եմ, որ այս օրենքը ծայրահեղության հասած մարդկանց համար է, ծայրահեղ իրավիճակում գտնվողների: Հույս ունեմ, որ Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվը չպետք է ավելանա, որովհետև Հայաստանին այդ երևույթները հարիր չեն», -ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:
Լուիզա Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ օրենքը չի պատրաստվում մտնել ընտանիք, պարզապես եղած գործիքակազմը բավարար չէ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի համար:
«Հայաստանում այսօր մի շարք դժբախտ դեպքեր ունենք, և եթե ոստիկանությունը, Քրեական օրենսգիրքը, ՄԻՊ գրասենյակը միաձայն խոսեին այն մասին, որ իրենց բոլոր գործիքակազմերը բավարարում են այս խնդիրները լուծելու, այս օրենքի անհրաժեշտությունը չառաջանար: Բայց խոսվում է այն մասին, որ գործիքակազմը չի բավարարում», - ասաց նա:
Խորհրդարանականն անհամաձայնություն հայտնեց այն պնդումներին, որ ընտանեկան բռնությունները պայմանավորված են բացառապես սոցիալական իրավիճակով:
«Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը ազդում է մարդկանց վրա, բռնության է բերում, բայց ինքս կարող եմ վիճակագրություն ներկայացնել, երբ բազմաթիվ մեծահարուստ ընտանիքների կանայք ենթարկվել են բռնության: Եղել են դեպքեր, որ նրանք բարձրաձայնել են այդ մասին ու ասել, որ այն աստիճան են ծեծվում, որ արդեն վեցերորդ անգամ գնում են պլաստիկ վիրահատության», - ամփոփեց Լուիզա Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգությունները հիմնականում փարատվել են. Արփինե Հովհաննիսյանը՝ Ընտանեկան բռնության մասին նոր օրինագծի մասին
- Ընտանեկան բռնության դեմ օրենքը հիմնովին կփոփոխվի. «Հրապարակ»
- Գեղարքունիքի մարզպետը Ընտանեկան բռնությունների դեմ նախագծից տեղյակ չէ, բայց դեմ է. «Իրավունք»
- Դավիթ Հարությունյան. Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծում հստակեցումներ են արվելու
- ԱԺ-ում կքննարկեն ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի նախագիծը «Ժամանակ»