Տոնական օրերին բանկերում և մաքսային ծառայությունում ապահովում եք արտակարգ իրավիճակ. վարչապետ
Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը աշխատանքային գրաֆիկ պետք է սահմանեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ նիստում ՊԵԿ-ին հանձնարարել էր բոլոր մաքսատներում և բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:
«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց, թե ինչ կասի տվյալ հանձնարարականի մասին, ԿԲ նախագահն ասաց, որ բանկերի հետ կխոսեն. «Եթե դրա կարիքը լինի, կանենք»:
Վարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա»,- ասաց Կարեն Կարապետյանը: