Բաղմանյանի ընտանիքը «չոր աշխատավարձի» հույսին է ապրել. «Հրապարակ»
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ): Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություններն էլ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ նախագահի 2009 թ. հրամանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ։ Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:
Բաղմանյանն այն բարձրաստիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարստացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստություն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում և այլն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: