Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն
Կառավարությունն ընդունել է «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում:
Կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, որոշմամբ նախատեսվում է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին:
Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ:
Այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն:
Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն: Այդ նպատակով «Դամալա Գրուպ»-ը կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով 350-450 աշխատատեղ: