Հուսանք՝ Հայաստանն ապագայում սև ցուցակում չի հայտնվի. «Առավոտ»
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ըստ «Թրանսպարենսի ինթերնեյշնլի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են. «Կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, կարելի է ասել՝ լճացման իրավիճակ է։ 2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ նվազման առումով, և որոշ լավացում եղավ մինչև 2013-ը, 2014-իս սկսվել է նորից նույն տխուր իրավիճակը»,- «Առավոտ»-ի հետ զրուցում ասել է Հոկտանյանը:
Նա ասել է, որ «Ֆրիդոմ Հաուսի» ցուցանիշը չի փոխվում։ 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում։ Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց «Հազարամյակի մարտահրավերների» գնահատման երկրների ցանկը, և միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերների» կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:
Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում։ Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ։ Կա 17 երկրների սև ցուցակ, և կա 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաև Հայաստանը։ Հոկտանյանի խոսքով՝ «Դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սև ցուցակ, որովհետև ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն։ Հուսանք՝ ապագայում սև ցուցակում չի հայտնվի Հայաստանը»։