Ցեղասպանության հարցը դուրս մնաց Ախալքալաքի շրջանային ժողովի օրակարգից
Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, այդպես էլ չի հասել լիագումար նիստի օրակարգ: Ինչպես տեղեկացնում է Jnews.ge կայքը, Շրջանային ժողովի Բյուրոն հարցին դեմ է քվեարկել:
Դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի Շրջանային Ժողովի բյուրոյի նիստի քննարկմանը հինգ հարց էր ներկայացված, որոնցից 4-ը Ախալքալաքի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների կողմից, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների կողմից:
Բյուրոյի անդամները նպատակահարմար չեն գտել տվյալ ժամանակահատվածում այս հարցի բարձրացումը՝ պատճառաբանելով, որ այն նախ պետք է բազմահարթակ հանրային քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված բարձրացվի: Բյուրոյի անդամներն իրենց ելույթի խոսքերում նշել են, որ աշխարհում չկա մի հայ, որ չընդունի և չդատապարտի Հայոց ցեղասպանությունը: