Կառավարությունը 40 մլն ԱՄՆ դոլար վարկ է վերցնում Ասիական զարգացման բանկից
ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտարարեց, որ համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է, որն արդեն ծրագրված է 2017 թվականի պետական բյուջեում։
«Այս վարկի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով իրականացնել 2017 թվականը և ունենալ ֆինանսական կայունության ապահովում։ Գումարի չափը լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, մարման վերջնաժամկետը՝ մինչև 2031 թվականը ներառյալ: Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որ մինչև 2017 թվականի ավարտը վարկը ներգրավի: Մարման ժամկետը 15 տարի՝ 3 տարին արտոնյալ։ Վճարումները կատարվելու են 24 մասերով՝ 2020 թվականից սկսած»,- մանրամասնեց փոխնախարարը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը խնդրեց ներկայացնել, թե այդ վարկային միջոցները ծախսելու հստակ ծրագիր կա՞, թե՞ ոչ։
«Վարկային ծրագիրը կոնկրետ ծախսային նպատակադրում չունի, հենց դրանով էլ բյուջետային աջակցության վարկը տարբերվում է մյուս վարկային ծրագրերից: Քանի որ մեր բյուջետային տարիները լինում են դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների և ծախսերի տարբերությունը: Սա արտաքին աղբյուրներից ներգրավվող վարկային ռեսուրս է, որն ուղղվում է ընդհանուր բյուջետային կայունությունն ապահավելու համար», -պատասխանեց Արմեն Հայրապետյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2019 թվականից այլևս ՀՀ կառավարությունը բյուջետային վարկեր չի ներգրավելու և անցնում է կատարելու նպատակային վարկերի, ինչը ենթադրում է, որ գնալով ստանձնելու են նպատակային վարկեր՝ տնտեսության հիմքերն ուժեղացնելու համար. «Այսինքն ներդրումներ են լինելու ենթակառուցվածքների մեջ, այն հատվածներում, որոնք հիմքեր կստեղծեն մեր ապագա տնտեսական աճի ձևավորման վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ակնկալում ենք, որ կլինի 55,4 տոկոս. Վարդան Արամյան
- «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
- Դաստաներով այս օրենքները գալիս վերջին օրերին մտնում են խորհրդարան. Մարուքյան
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին