Սահմանափակումների նպատակը սոցիալական հատվածին զարկ տալն է. փոխնախարար
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ օրենսգրքի շուրջ 109 հոդվածներում:
«Այդ փոփոխությունները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջարկվում են շուրջ 180 խմբագրական բնույթի փոփոխություններ, 29 տերմինաբանական փոփոխություններ, 30 բովանդակային փոփոխություններ»,- ԱԺ-ում օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ավելի լավ վիճակ են ստեղծելու հունվարի 1-ից Հարկային օրենսգիրքը կիրառելու տեսանկյունից:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից ու սահմանափակումներից։
«Եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը և հանդիսանում է ծրագրի իրական շահառուն։ Երեք տարի առաջ, երբ մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձևավորում, որը կխթանի շինարարության ոլորտը և սոցիալական բաղադրիչ: Երեք տարում կառավարությունը իր դիրքորոշումը մի փոքր փոփոխել է, որովհետև այդ երեք տարվա մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ այդ ռեֆորմի սոցիալական բաղադրիչը չի գործել: Համակարգը երեք տարիների ընթացքում բացառապես ֆինանսավորել է գնողունակ հանրությանը»,- պատասխանեց փոխնախարարը:
Նա մանրամասնեց, որ կառավարությունը նպատակադրոմը փոխում է . «Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 - 3 մլրդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով դա շատանում է, քանի որ հիփոթեքային վարկի պայմանագրերը ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ և բիզնես բաղադրիչ և տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգևորել ենք բիզնեսին, հիմա ուզում ենք փոխել նպատակադրումը և զարկ տալ սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնենք, ոչ թե գնողունակ հատվածին»։
Պատգամավորն արձագանքեց, որ նպատակադրումը լավն է, բայց երեք տարին միքիչ երկար ժամանակահատված էր՝ հասկանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան
- «Սա ի՞նչ խաղի կանոններ են». Մելքումյանը՝ ֆիննախին
- Ինչ սահմանափակումներ են գործելու հիպոթեքային վարկ վերցնելիս եկամտահարկի վերադարձի դեպքում
- Եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է բնակարան գնելու դեպքում
- Պարզաբանում. Հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին
- Հիփոթեքային վարկի «նոր ակցիան» և վերահաս խնդիրները. տնտեսագետի դիտարկումները