Հարցում. Մարդկանց ավելի քան 80% -ը քնելուց առաջ 1 ժամ անցկացնում է սմարթֆոնում
Ամերիկյան Deloitte հետազոտական կենտրոնի գիտնականների հրապարակած տվյալների համաձայն՝ քնից առաջ էլեկտրոնային սարքերի օգտագործումը կարող է հանգեցնել առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամի։ Այս մասին գրում է life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ հարցմանը մասնակցել է 18-75 տարեկան 2000 մարդ: Պարզվել է, որ հարցվածների 81 տոկոսը անկողնում մեկ ժամ շարունակում է օգտվել սմարթֆոնից, 66 տոկոսն էլ հայտնել է, որ քնից առաջ առնվազն կես ժամ ծախսել է էլեկտրոնային սարքերի վրա: Հարցվածների 35 տոկոսը քնելուց առաջ անկողնում սմարթֆոններից օգտվում է 5 րոպե, իսկ 14 տոկոսը խոստովանել է, որ օգտագործում է այնքան ժամանակ մինչև սկսում է քնել:
Հետազոտողների կարծիքով՝ ցուցանիշները հուսադրող չեն: Վերջերս Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ սմարթֆոնի էկրանից ճառագող լույսը կարող է դառնալ գիշերային կտրուկ առույգության կամ մակերեսային քնի պատճառ:
Մարդու առողջության համար սմարթֆոնների երկարատև օգտագործման վնասակար հետևանքները կանխելու համար գիտնականները մի քանի պարզ խորհուրդներ են տալիս, որոնք պետք է լսել: Նախ հեռախոսը պետք է դնել «չանհանգստացնել» ռեժիմի վրա, պետք է դնել սենյակի այլ հատվածում, քանի որ այդ դեպքում ցանկություն չեք ունենա հեռախոսի համար անկողնուց ելնել և համացանց մտնել, ամեն օր պետք է պառկել քնելու նույն ժամին, իսկ արթնանալու համար հարկավոր է օգտագործել սովորական զարթուցիչ, այլ ոչ հեռախոսինը: Եւ վերջապես՝ ավելի լավ է հնարավորինս եկար տաք ցնցուղ ընդունել, քան համացանցում հետևել ծանոթների կյանքին: