Վիզաների ազատականացման գործընթացը հայտ ներկայացնող երկրում պիտի սկսվի. Ժոնաթան Լաքոթ
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական իրադարձություն է: Դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:
«Դուք ինձանից լավ եք ծանոթ այն վայրիվերումներին, որոնց հանդիպեց նախորդ համաձայնագիրը: Այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է այս համաձայնագիրը: Պետք է հստակ գիտակցել, որ այն իր ձևի մեջ եզակի է: Այսօրվա դրությամբ այն միակ համաձայնագիրն է, որ ստորագրվել է ԵՏՄ անդամ երկրի հետ: Հայաստանը, լինելով ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ»,- ասաց նա:
Հայաստանի եվրոպական ինքնությունն, ըստ դեսպանի, դույզն-իսկ կասկածի տեղիք չի տալիս, սակայն յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում այն արժեհամակարգը, որն ուզում է իրենը դարձնել: ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրն, ըստ Լաքոթի, մի քայլ առաջ է, քան նախորդ համաձայնագրի զրոյական կետը, ինչպես ասում է և անունը՝ համընդգրկուն, համապարփակ փաստաթղթի, այն բացի առևտրային դյուրինացված մոտեցումներից, ճյուղային համագործակցության հնարավորություններ ևս ընձեռում է, համագործակցության դրսևորումներ, որոնք արդեն Հայաստանն ինքը պետք է զարգացնի:
«Այս նոր համաձայնագրով Հայաստանի բուհական հաստատություններին, օրինակ, հնարավորություն կընձեռվի եվրոպական ընդհանուր գիտահետազոտական ծրագրերին մասնակցություն ունենալ: Հայաստանի հայկական ձեռնարկությունները հնարավորություն կունենան մասնակցելու ԵՄ անդամ երկրների ձեռնարկությունների կողմից հայտարարված տենդերներին: Սրանք այնպիսի բաներ չեն, որ միանգամից զգացվեն: Սա երաշխիք է առ այն, որ Հայաստանում ձեռնարկված բարեփոխումները կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին»,- նշեց դեսպանը:
Նա նաև նկատեց՝ սա Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է, որովհետև համաձայնագրի ստորագրումով ստանձնած բարեփոխումները նշանակում են հնարավորինս մոտենալ ԵՄ սահմանած նորմերին, չափորոշիչներին, բայց ամեն դեպքում՝ սա նաև պարզապես մղում է պետությանը՝ ձեռնարկել բարեփոխումներ:
Լաքոթը նշեց, որ այս հարցերի առնչությամբ հանդիպել են Հայաստանի իշխանությունների հետ, արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից՝ ԵՄ-ն, մյուս կողմից՝ ՀՀ-ն և ԵՄ անդամ 28 բոլոր երկրները քաջ գիտակցում են այն ռեֆորմների կարևորությունը, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և այսօր իրականացնում է: «Շնորհիվ այդ փաստաթղթի՝ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ հանդիսանալ տարածաշրջանում: Այս գիտակցմանը եկել եմ այն բանից հետո, երբ հանդիպել եմ Հայաստանում արդեն հաստատված և տնտեսվարող ֆրանսիական ընկերությունների հետ: Նրանց գործունեությունն է դյուրացվում, որովհետև Հայաստանն այս բարեփոխումներով անհամեմատ ավելի շատ է մոտենում եվրոպական նորմերին»,- ասաց նա:
Լաքոթը նշեց՝ Հայաստանում հաստատված ֆրանսիական ընկերություններին հետաքրքրում է ԵՏՄ շուկայի հասանելիությունը: Դեսպանի խոսքով՝ եթե Հայաստանը կարող է հանդես գալ գործարար միջավայրի համար վստահելի իմիջով, ապա հիանալիորեն կարող է ստանձնել կապող կամուրջի դերակատարությունը ԵՏՄ հետ: Լաքոթը նշեց, որ ֆրանսիացի ներդրողները ուշադրությամբ հետևում են նաև իրանական շուկայի պոտենցիալ հեռանկար-հնարավորություններին:
«Հայաստանի տնտեսությունը այն գաթան կամ տորթը չէ, որ ցանկություն ունեն կիսել, այլ այն տորթը կամ կարկանդակն է, որը բոլորը ցանկանում են մեծացնել, բնականաբար, այն ֆրանսիական ձեռնարկությունները, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, միանգամայն գիտակցում են, որ Հայաստանը ԵՏՄ միության անդամ է, և որ պետք է ռուսական մրցակցային դաշտ ունենան»,- ասաց նա:
Դեսպանն անդրադարձավ նաև վիզաների ազատականացմանը: Նա նշեց, որ այս հարցի շուրջ բանակցային գործընթացն առանձին է, այն ներդրված չէ համաձայնագրի մեջ, այսինքն՝ կարևոր է հետևել բանակցությունների ընթացքին և այն պահին, որ արդեն կհասնեն որոշման ընդունմանը կամ համաձայնություն տալուն: Սա, ըստ Լաքոթի, երկար գործընթաց է, որը դեռ ժամանակ կպահանջի: Սա ԵՄ գործելակերպի մաս է կազմում, և ամեն անգամ, ըստ դեսպանի, պետք է այդ գործընթացային հաջորդականությունն անպայման հաշվի առնել ու չանտեսել:
«Այստեղ բացառապես այն հարաբերությունն է, որտեղ շատ կարևոր է որոշակի պայմանավորվածությունների գոհացուցիչ լինելն ու համապատասխանելը: Հենց որ անհրաժեշտ բոլոր պայմաններն ի մի բերված կլինեն, կտրվի ազատականացման վերաբերյալ բանակցային գործընթացի մեկնարկը, գործընթաց, որը պետք է հանգեցնի վիզաների ազատականացման, այսինքն՝ փաստորեն այդ գործընթացն ավելի շատ պետք է սկսվի հայտ ներկայացնող երկրում, քան այնտեղ՝ Բրյուսելում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ժոնաթան Լաքոթը պատրաստ է ներդրում կատարել Հայաստանում
- ԼՂ հակամարտությանը Ֆրանսիայում ամենաբարձր մակարդակով ուշիուշով հետևում են. Ջոնաթան Լաքոթ
- Դեսպան. Նախապատրաստում ենք Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան