Կառավարությունն առաջարկում է հունվարի 3-ը, 4-ը, 5-ը դարձնել աշխատանքային
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հարցը ներկայացնելու է կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:
Փոփոխությամբ առաջարկվում է, 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածից հանել «հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, ինչը նշանակում է, որ ամանորից հետո հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր են:
Կառավարությունում օրինագիծը հավանություն ստանալուց հետո սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:
Գործադիր մարմնում հիմնավորում են, որ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
«Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»,-ասված է հիմնավորման մեջ:
Կառավարությունն ուսումնասիրել է այլ երկրների փորձը: Այսպես, աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները:
Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:
Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։
«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,-ասված է օրինագծում:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։