ԲՀԿ-ի օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա. Իվետա Տոնոյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ իրենց և «Ելք»-ի միջև վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ քննարկումներ են ընթանում:
«Նմանատիպ որևէ բանակցություն և գործընթաց չկա: Օրեր առաջ առիթ եղել է ասելու, որ ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված հարց այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, երբ որ կլինեն քննարկումներ, երբ որ կլինի այդ հարցի հետ կապված նոր ասելիք, ապա մենք անպայմանորեն լրատվամիջոցներին և բոլորին տեղյակ կպահենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քննադատելու պրակտիկային, ապա, պատգամավորի խոսքով, ԲՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, այլ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից:
«Բոլոր քննադատություններն ու ելույթները եղել են հիմնավորված, փաստերով: Գաղտնիք չէ, որ մեր բոլոր մտահոգությունները բխում են ազգաբնակչության խնդիրներից, սոցիալական վատ վիճակից, արտագաղթի տեմպերից»,- ասաց նա:
Իվետա Տոնայանը նաև նշեց, որ իրենք ունեն իրենց քաղաքական օրակարգը և առաջնորդվում են միայն իրենց քաղաքական օրակարգով: Իսկ իրենց օրակարգում այս պահին վարչապետի թեկնածուի հարց չկա:
Իսկ հնարավո՞ր է ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պատգամավորը նկատեց, որ ինքը ,հնարավոր է, միգուցե» ձևակերպումներով հարցերին չի պատասխանում: