Նոր տարին՝ Ռուբիկոն
Ի՞նչ կլինի, եթե ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, քաղաքապետը... պարգևավճար ստանան: Ինչ կլինի որ՝ Նոր տարի է, ուրախություն ծախսեր: Ընտանիք ունեն, երեխաներ, թոռներ, շրջապատ՝ ծախսերը շատ են:
Ու նկատեք՝ միսը, կարագը, պանիրը, չիրը, եթե դու չես սարքել, նույնիսկ ձվերը՝ ճոխություն են արդեն: Փոխհատուցում է պետք, պարգևավճար: Ընդունվեց որոշում թանկացումների, հիմա փոխհատուցում պիտի լինի: Նրանց համար, ովքեր օգտագործում են այս «ճոխությունները», ոչ թե կարտոֆիլ ուտողների համար:
Կարտոֆիլը էժան է: Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Դու՞ք չէիք նկարում վառարանի վրա շերտ-շերտ եփած կարտոֆիլը ու գցում ֆեյսբուք, գրում՝ ուրախ ենք: Էլ ինչ եք ուզում:
Ուրախությունից ավե՞լ բան եք ուզում:
Տնտեսական շրջապտույտը կախարդական օղակ է Հայաստանում դառնում: Նեղացող օղակ: Մթերքների գները բարձրանում են, գնաճ է, դրանով բյուջե է լցվում, չէ՞: Հետո պարգևավճարներ են տալիս այդ բյուջեից, որ ստացողները գնեն իրենց կազմակերպած թանկացումներով ապրանքները:
Ճոխության սահմանագիծը սկսել է իջնել: Երբ ճոխ էր ոսկա ճարմանդը, ժամացույցը, գրիչը... հասկանալի էր՝ կա ինչ-որ, թեկուզ հնարած, էթիկա, որ գործարարները, քաղաքական գործիչները, պաշտոնյաները հետևում են, թե ով ինչ է կրում: Դա հետաքրքիր էր կողքից նայելը: Սկզբունքորեն՝ ժամացույցը ժամացույց է, գրիչը՝ կարևորը լավ գրի, չէ՞: Բայց եթե կան մարդիկ, որ դրանց համար փող ունեն ու կարևոր են համարում թանկը կրելը՝ լավ է, ծախսված գումարը կատարում է շրջապտույտ, մտնում բյուջե, ուղղակիորեն չի էլ հարվածում էժան ժամացույց կրողին, կամ վերնաշապիկի թևքը կոճկողին:
Բայց հիմա սահմանաձողը իջել է: Միսն ու կարագը ճարմանդ չեն: Ու դա չի էլ անհանգստացնում պարոնայք ընտրյալներին:
Կարտոֆիլ ունեք՝ հերիք է: Ուրեմն դեռ կաք:
Ի՞նչ անուն ունի սա: Ի՞նչ անուն ունի այս որոշումներից հետո պարգևավճարներ ստանալը:
Ուր է ազգ-ԱԺ-ն: Ուր է ազգ-պաշտոնյան: Ուր է ազգ-գործադիրը: Ուր է ազգ-բանակը:
Հազարական դրամ հավաքել ու հետո հարյուր հազարավոր պարգևավճարներ ստանա՞լ:
Ես գիտեմ ազգ-բանակը՝ ճանաչում եմ մարդկանց, որ պահում են ու ապրում են բանակով՝ առանց գովազդի. Տատի գիտեմ, որ աչք չի խնայում բրդե գուլպա գործելով, որ զինվորի ոտքերը չմրսեն: Պարգևավճար տվեք տատիին: Գոնե՝ բրդե թել...
Նոր տարին Ռուբիկոն է դարձել: Ո՞վ այն անցնելու մարդավայել կամք կունենա:
Հարակից հրապարակումներ`
- Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Գյուղեր, ուր տղամարդը «Նոր տարվա լիմոնադ» է
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ