Երուսաղեմում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են սկսվել
Երուսաղեմի դարպասների մոտ՝ Դամասկոսի կողմում, բախումներ են սկսվել իսրայելական զինված ուժերի և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
Ոստիկանությունը փակել է դարպասների կողմի մուտքը, որտեղ ավանդաբար տեղի են ունենում պաղեստինցիների բողոքի ակցիաները, սակայն ակցիայի մասնակիցները կարողացել են ճեղքել ոստիկանական շղթան: Արևելյան արաբական թաղամասերի բնակիչները սովորաբար Ալ-Ակսա մզկիթում աղոթելու են գնում Դամասկոսյան դարպասներով: Այնտեղից դուրս գալով՝ պաղեստինցիները հրապարակում բողոքի ակցիաներ են անցկացնում:
Առավոտյան այդ հրապարակի մեծ մասը ծածկված էր մետաղյա ցանկապատներով: Ազատ էին թողել միայն փոքր հատվածներ՝ ներս մտնելու համար: Հրապարակում շատ են ոստիկաններն ու լրագրողները: Կեսօրի աղոթքից հետո արաբների խումբը բողոքի ակցիա է անցկացրել Դամասկոսյան դարպասների մոտ՝ նրանք հակաիսրաելյան կարգախոսներ էին հնչեցնում, վիճում ոստիկանության հետ: Ոստիկաններն իրենց հերթին ակցիայի մասնակիցներին դուրս էին հրում հրապարակից, ձերբակալում առավել ակտիվներին:
Բժիշկների խմբերը հոսպիտալացրել են մի քանի տուժածների: Այս ամենից հետո ոստիկանները շղթա էին կազմել՝ փակելով Դամասկոսյան դարպասները, սակայն ակցիայի մասնակիցները կարողացան այն ճեղքել, և դա հավաքվածները ծափերով ընդունեցին, ակցիան նոր թափ ստացավ: Այժմ անկարգությունները շարունակում են, դրանց մասնակիցները մի քանի տասնյակ են, իսկ մի քանի հարյուր մարդ հետևում է կատարվողին: Ցուցարարների ու ոստիկանների բախման վայր են բերվել ոստիկանական նոր ուժեր:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և փաստաթուղթ ստորագրել՝ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին: