Կանադացին շուրջ կես դար է՝ պահում է իրեն լքած ընկերուհու նվերը
Էդմոնտոն քաղաքի բնակիչ 64-ամյա կանադացին 1970 թվականից պահել է իրեն լքած աղջկա նվերը, որն այդպես էլ երբեք չի բացել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
47 տարի առաջ Ադրիան Փիրսը դպրոցն էր ավարտում և հանդիպում էր Վիկկի անունով աղջկա հետ: Սուրբ ծննդյան տոնին աղջիկը նրան նվեր տվեց և ասաց, որ ցանկանում է բաժանվել: Փիրսը նվերը բերեց, բարկացած դրեց տոնածառի տակ և հայտարարեց, որ երբեք այն չի բացելու:
«Սկզբում ես այն պահում էի, քանի որ, երևի, հույս ունեի, թե մենք կմիանանք և այն միասին կբացենք: Իսկ հիմա դա արդեն սովորություն է դարձել»,- ասում է Փիրսը: Ամեն տարի՝ Սուրբ ծննդյան տոնին նա այդ նվերը դնում է տոնածառի տակ, հետո այն պահում՝ մինչ հաջորդ տարի:
Մի անգամ Փիրսի կինը հայտարարեց, որ այլևս չի ցանկանում տոնածառի տակ տեսնել նրա նախկին սիրելիի նվերը: Այդ օրվանից Փիրսը դրանով թաքուն է հիանում: Մի քանի տարի առաջ նա քիչ մնաց՝ բացեր նվերը, սակայն ժամանակին իրեն զսպեց:
Փիրսը չի բացառում, որ նվերը կբացի իր և Վիկկիի բաժանման 50-ամյակի օրը: Նրա խոսքով՝ կարելի է այդ առիթով մեծ տոնակատարություն կազմակերպել, մրցույթ անցկացնել՝ տեսնելու համար, թե ով կգուշակի ինչ է փաթեթում, ինչպես նաև գումար հավաքել՝ բարեգործության նպատակներով:
«Ով գիտե, գուցե նաև Վիկկիին գտնենք, և նա էլ մեզ հետ նշի այդ տոնը»,- ասում է Փիրսը: