Ամանորին բնական եղևնի գնողների թիվը չի պակասում
Սարյան փողոցի՝ արդեն ավանդական դարձած բնական «տոնածառի շուկան» կրկին բացվել է։ Բնական եղևնիները վաճառվում են 50-ից մինչև 120 հազար դրամով։ Panorama.am-ի հետ զրույցում եղևնիների գործով զբաղվող տղամարդը չդժգոհեց վաճառքից։
«Արդեն տասը տարուց ավելի է զբաղվում եմ այս գործով, ամեն ինչ նույնն է ու նորմալ։ Ոչ աշխատանքային օրերին գնորդներն ավելի ակտիվ են»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե հիմնականում ովքեր են գնորդները, վաճառողը պատասխանեց. «Գներին նայելով՝ պատկերացրեք, թե ովքեր են գնորդները, շարքային մարդը ո՞նց կարող է իրեն թույլ տալ, թեկուզ մինիմալ, 60 հազարանոց տոնածառ առնի»։
Վաճառողի կողքին կանգնած տղամարդն էլ նրա ասածին կատակով հավելեց. «Այլմոլորակայիններ են»։
Եղևնիների վաճառքով զբաղվողը նշեց, որ ծառերը բերվում են Գերմանիայից. «Սոճիներ են և չծակող տեսակի եղևնիներ։ Գնում եմ Գերմանիայի անտառներից բեռնատարով բերում, 5200 կմ տեղափոխում եմ։ Վիզայի խնդիր չունեմ, թույլտվության բոլոր փաստաթղթերն ունեմ»։
Նա նաև հավելեց, որ չվաճառված տոնածառ չի մնում, քանի որ արդեն մոտավորապես գիտի՝ ինչ քանակի գնորդների հետ գործ ունի. «Բերում ենք մոտ 250-300 տոնածառ»։
«Մի՛ գնեք եղևնի։ Գնելով մեկը՝ նպաստում եք հարյուրի հատմանը»,- դեռ երկու տարի առաջ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել դերասանուհի Աննա Հարությունյանը։
Սակայն այս զրույցից հետո պարզ է դառնում, որ չնայած տարվա այս շրջանում եղևնիների չհատման ու պահպանման վերաբերյալ մշտապես անցկացվող ակցիաներին, Նոր տարվա առթիվ բնական եղևնի գնողների թիվը ոչ թե պակասում է, այլ մնում է կայուն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան