«Եվրասիանեթ». 2018 թ.-ին ԼՂ-ում կշարունակվի դեէսկալացիոն միտումը
2018թ.-ին Հայաստանը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ կլինեն և հաշվի առնելով նախորդ ընտրական փորձը՝ 2008 և 2013թթ, երկու դեպքում էլ շփման գծում իրավիճակը խաղաղ է եղել, ինչը նշանակում է, որ ներկայիս դեէսկալացիոն միտումը կշարունակվի։ Այս մասին գրում է «Եվրասիանեթ» պարբերականի թղթակից Էմիլ Սանամյանը՝ ընդգծելով, որ 2017 թ. ԼՂ շփման գծում ավելի քիչ միջադեպեր են գրանցվել, քան նախորդ 3 տարիներին:
Հեղինակը հիշեցնում է, որ 2017թ-ի սկզբին շատերը բացասական կանխատեսումներ էին անում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Կավանոյի այն կանխատեսումը, որ 12 ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախման հավանականությունը մեծ է։ Իսկ մարտին Միջազգային Ճգնաժամային խումբը զգուշացրել էր, որ ավելի վտանգավոր բախումների հավանականությունը իրական է։
«Ուսումնասիրելով 2017թ-ի միջադեպերի և զոհերի ցուցանիշները, կարելի է եզրակացնել, որ 2017թ-ին միջադեպեր և զոհեր, նախորդ երեք տարիների համեմատ, փաստորեն ավելի քիչ են եղել։
Տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած դիվանագիտական հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը մարտական գործողություններում ցանկանում են դադար վերցնել, սակայն որևէ նոր մեխանիզմներ կամ հրադադարի ռեժիմը խախտելու համար երրորդ կողմից կիրառվող պատժամիջոցների մասին խոսք անգամ չէր գնում»,-գրել է վերջինս։
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան վերլուծաբանները կարծում են, որ 2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի: Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, 2018-ին Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ներկա ստատուս քվոն։
Այդ մոտեցումը կիսում է նաև ամերիկյան ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Անշուշտ, ձմեռը ռազմական գրոհներ նախաձեռնելու լավագույն ժամանակը չէ, սակայն, նաև առաջիկա գարնանը որևէ ռազմական գործողության հիմք չեմ տեսնում»: