Պատերազմական վիճակը պատժի խստության հետ կապ չունի. Ավետիք Իշխանյան
Պատժի խստությունը հանցագործությունների կանխարգելման երաշխիք չէ: Քրեական օրենսգրքի նոր նախագծի քննարկման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա անդրադարձավ ցմահ ազատազրկվածների համար արդարադատության մատչելիության ապահովմանը:
Իշխանյանի խոսքով՝ շատ եվրոպական երկրներում ցմահ ազատազրկում չկա, շատ երկրներում ցմահ ազատազրկման դատապարտվում են միայն 21 տարեկանից հետո, իսկ երկրներ կան, որտեղ եթե 21 տարեկանը չլրացած անձը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի, հոգեբանական թեստ է անցնում՝ արդյո՞ք նրա հոգեբանությունը չափահասի է, թե՞ ոչ:
«Սա կարևոր խնդիր է: Երբ քրեական օրենսգրքի նախագիծը եղավ, մենք մասնակցեցինք քննարկմանը, ի պատիվ աշխատանքային խմբի՝ պետք է ասել, որ նախնական նախագծում նախատեսված էր ցմահ ազատազրկման ցենզը բարձրացնել, դարձնել 21 տարեկանից: Դա բավական առաջադիմական մոտեցում էր, սակայն այժմ, երբ տարբեր քննարկումներ եղան, նոր առաջադրված նախագծում էլի հին ցենզը հետ է եկել, նորից այդ շեմն իջեցրել են մինչև 18 տարեկան»,- ասաց նա:
Իշխանյանը նշեց, որ այս հոդվածը նույն նախագծի այլ հոդվածների հետ հակասության մեջ է մտնում:
Իրավապաշտպանը նշեց, որ իրենց առաջարկը՝ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետևյալ կերպ՝ «ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք», չի ընդունվել, հիմնավորումը եղել է «պատերազմական վիճակի մեջ գտնվող պետության համար սա կարող է խնդիր լինել»:
«Այս հիմնավորումը ես, անկեղծ ասած, չեմ հասկանում. պատերազմական վիճակը պատժի խստության հետ կապ չունի՝ սա մեկ, երկրորդ՝ արդյո՞ք Հայաստանում պաշտոնապես հայտարարված է պատերազմական վիճակ»,- ասաց նա:
Իշխանյանը նշեց, որ մինչև 21 տարեկան ցմահ դատապարտվածների հիմնական մասը զինհանցագործությունների դեպքերով են: Այս հանցագործություններն ունենում են մի քանի զոհեր, կան դեպքեր, երբ պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են լինում, բայց կան նաև այնպիսիք, որ հանցագործություն են կատարել: Իրավապաշտպանը հարց է ուղղում՝ արդյո՞ք այս անձանց պետք է ջնջել մեր հասարակությունից:
Իշխանյանի գնահատմամբ՝ սա ոչ հումանիստական, անգամ վայրենի մոտեցում է մեր քաղաքացիների նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Քրեական օրենսգրքի նոր նախագծով հետքայլ է արվում. Հերիքնազ Տիգրանյան
- Փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու իրավունքը փաստաբանին ճնշելու միջոց է. Էմիլ Ամիրխանյան
- Մեր մասնակցությունը ողջունում են, հետո ընդունում են այն, ինչ հարմար են գտնում. Իրավապաշտպան
- Դատավորին լուրջ կախման մեջ են դնում դատարանի նախագահից. Հայկ Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում