Քանի փուլ ունի ԼՂ հակամարտության լուծումը կամ ինչպես կտրատել սալյամին
Հունվարի 15-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, նշել է, որ այս հիմնախնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել և հարկավոր է փուլային մոտեցում։ Այս հայտարարությանը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ՝ ընդգծելով, որ խոսքը գնում է փաթեթային լուծման մասին՝ փուլային իրականացմամբ։
Փուլային, թե՞ փաթեթային․ բառախաղ թվացող այս մեթոդաբանական մոտեցումներն էական ազդեցություն ունեն բանակցությունների ընթացքի վրա, այդ իսկ պատճառով կողմերը մշտապես զգայուն են նման ձևակերպումների նկատմամբ։ Կողմերի նախապատվությունները հասկանալու համար փորձենք հասկանալ հակամարտության կարգավորման նրանց տեսլականները։
Հայկական կողմի համար առանցքային խնդիրն է ԼՂ բնակչության անվտանգության ապահովումը, որը հնարավոր է միայն Ադրբեջանի կազմից դուրս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացման միջոցով։ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է հետ բերել Լեռնային Ղարաբաղը՝ անկախ այնտեղ ապրող բնակչության լինել-չլինելուց, նրանց ցանկություններից կամ իրավունքներից, ինչպես նաև ԼՂ հարակից տարածքները։
Այսպիսով, հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որի շուրջ կողմերն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ, այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում դրա լուծումն ամենաբարդն է։
Մարտավարական տեսակետից հայկական կողմի համար նախապատվելի է հակամարտության կարգավորման բոլոր տարրերի փաթեթային քննարկումը և դրանց շուրջ ամբողջական պայմանավորվածությունների ձեռք բերումը, որոնք հետագայում կյանքի կկոչվեն արդեն փուլային տարբերակով։
Ինչպես հայտնի է, այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կարգավորման վեց տարր (հարակից տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ ԼՂ համար, Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցք, հանրաքվեով ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում, տեղահանվածների վերադարձ, անվտանգության միջազգային երաշխիքներ)՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների վրա, որոնք են ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Կարևոր է ընդգծել, որ համանախագահները բոլոր վեց տարրերը համարում են մեկ ամբողջություն և ընդգծում, որ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի։
Նշենք, որ խնդրի փաթեթային կարգավորումը կարելի է ներկայացնել որպես այսպես կոչված հաղթող-հաղթող (win-win) մոտեցման դրսևորում, երբ փորձ է արվում խուսափել հաղթող-պարտվող երկվությունից և առկա բոլոր հարցերի միաժամանակյա քննարկման միջոցով հասնել ընդունելի փոխզիջման։
Ադրբեջանական մոտեցումն այլ է՝ մաքսիմալիստական և հակամարտային։ Պատրաստ չլինելով առանցքային հարցի՝ ԼՂ կարգավիճակի խնդրի լուծմանը՝ Ադրբեջանը ջանում է կիրառել «սալյամիի կտրատում» (salami slicing) անվամբ բանակցային մարտավարության տեղայնացված մի տարատեսակ։ Այս մարտավարությունը, որի անվանումը առաջացել է պատմական այլ համատեքստում, ենթադրում է, որ ամբողջական նպատակի անհասանելիության պատճառով բանակցող կողմը մեկը մյուսի հետևից պահանջում է ավելի փոքր զիջումներ։ «Սալյամիի կտրատումը» ավելի հաճախ կիրառվում է ցածր վստահության մթնոլորտում և աշխատում է, երբ սկսում են ցածր կարևորություն ունեցող հարցերից։
ԼՂ հակամարտության համատեքստում Ադրբեջանը փորձում է հարցը «կտրատել» փուլերի և առանձին տարրերի շուրջ քննարկումներում գրանցել իր համար ցանկալի լուծումներ՝ այդ ընթացքում մշտապես դիմելով ուժի սպառնալիքի կամ երբեմն էլ ուժի կիրառման։
Այսպիսով, «սալյամիի կտրատումը» Ադրբեջանի գերակա մարտավարությունն է, որը բավականին եսակենտրոն է, ոչ արդյունավետ և չի կարող փոխզիջման հիմք լինել, քանի որ հաշվի չի առնում հակամարտող բոլոր կողմերի շահերը։ Փուլային կարգավորման հնարավոր ջատագովները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում