ԵՄ-ն Հայաստանի քաղհասարակությանը կտրամադրի 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
Եվրոպական միությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հինգ նոր ծրագրի՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով:
ԵՄ հայաստանյան պատվիրակությունից մանրամասնում են, որ այդ ծրագրերը հստակ օրինակ կծառայեն՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը նախաձեռնել տեղեկատվության հավաքագրում և խթանել հանրային քննարկումներ: Ծրագրերի շրջանակում քաղաքացիական հասարակությունը կարտացոլի քաղաքացիների ընդհանուր տեսակետները և կօգնի ներկայացնել նրանց հիմնական առաջարկություններն ու մտահոգությունները քաղաքական գործիչներին և պետական հաստատություններին՝ վերահսկելով պետական կառավարման մարմինների գործունեությունը:
Այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության կողմից 2017թ-ի նոյեմբերի 25-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) մատնանշված և հաստատված հիմնական արժեքները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին կարևորել է նոր ծրագրերը, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը՝ քաղաքացիներին ներգրավելով կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում:
«Ես լիահույս եմ, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարևոր հանրային քննարկումների մեջ: Անկախ Ձեր հետաքրքրությունից այս ծրագրերը վերաբերում են յուրաքանչյուրին»,-նշել է ԵՄ դեսպանը:
Նոր ծրագրերը կներգրավեն Հայաստանի քաղաքացիներին՝ այդ թվում կանանց և երիտասարդներին, մի շարք գործողություններում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, բյուջետային թափանցիկության ապահովմանը, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, փակ հաստատություններում իրավիճակի գնահատմանը և դրա մասին քննարկումների անցկացմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում և քաղաքացիական հասարակության կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների միջոցով էներգիայի ծախսերի կրճատման քայլերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Ծրագրերի շրջանակում աշխատանքները կիրականացվեն երկու տարիների ընթացքում՝ ներգրավելով մարզերի բնակիչներին և նպաստելով նրանց բարօրությանը: