Հոլանդիայում դեմ են, որ Էրդողանի հետ կապ ունեցող մզկիթը գործի
Հոլանդիայում գործունեություն ծավալող «Rechts in Verzet» աջակողմյան խմբավորումը Ամստերդամի Էմիր սուլթան մզկիթի դռանը գլխատված մարդու խրտվիլակ է թողել: «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, խրտվիլակի հետ գրություն է եղել, որի մեջ ասված է.
«Չենք ցանկանում, որ Ամստերդամի հյուսիսում գործի մի մեծ մզկիթ, որն առնչություն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»:
Թուրքական աղբյուրը կատարվածը որակել է որպես «խտրականության հողի վրա իրականացված հարձակում»:
Մզկիթի ղեկավար Քամբեր Սեները դատապարտել է տեղի ունեցածը: Ոստիկաններից պահանջվել է հետաքննություն սկսել:
Հոլանդիայի և Թուրքիայի միջև նման ճգնաժամ առաջացել էր 2017 մարտին, երբ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային մուտք գործել Հոլանդիա: Քայայի այցի նպատակն էր սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: