«Ղարաբաղ Կարպետ»-ը հանդես է եկել նոր արտադրանքով
«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը Հայաստանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ վերջերս սկսել է սփռոցների և շարֆերի արտադրությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասել է, որ մտահղացումը ծագել է 1 տարի առաջ, և, անընդհատ զարգացնելով թեման, փորձել են ստեղծել այնպիսի արտադրանք, որը շատ ավելի պրակտիկ է և կարող է մարդկանց կենցաղի մաս կազմել:
«Շարֆերը պատրաստվում են բնական մետաքսից, որի վրա պատկերված է հայկական՝ մասնավորապես հին արցախյան գորգերի՝ վիշապագորգերի, արևագորգերի, օձագորգերի նախշերը: Ստացել ենք մի արտադրանք, որը պետք է կազմի կանանց և աղջիկների ամենօրյա, ինչպես նաև տոնական հանդերձանքի անբաժանելի մասը՝ դրանով ընդգծելով հայկականությունը»,-նշել է Ս. Խաչատրյանը:
Նրա խոսքով, սփռոցների վրա ևս պատկերված են հայկական գորգերի զարդանախշերը:
«Դրանք պատրաստված են հնդկական գաբարձինից, որը որակյալ նյութ է՝ հատուկ բրդյա գործվածքի տեսակ՝ նախատեսված հիմնականում սփռոցների պատրաստման համար»,- ներկայացրել է ընկերության տնօրենը:
Նրանք նպատակ ունեն հայկական հազարամյա մշակութային ժառանգությունը բերել կենցաղ՝ ավելի գեղեցիկ դարձնելով կանանց և աղջիկների հանդերձանքը, խրախուսելով կենցաղում կիրառել հայկականը, որը պետք է փոխարինի շուկայում առկա օտարերկրյա արտադրանքին:
Այս պահի դրությամբ ընկերությունն արտադրել է շուրջ 200 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը դիզայնի առումով յուրահատուկ է: Եվ արդեն երրորդ օրն է՝ շարֆերն ու սփռոցները վաճառքում են: Շուտով արտադրանքը վաճառքի է հանվելու նաև երևանյան խանութներում, իսկ մինչև գարնան վերջ՝ արտերկրում՝ մասնավորապես ՌԴ-ում և ԱՄՆ-ում, որտեղ ընկերությունն իրականացնում է գորգերի և կարպետների վաճառք:
Խոսելով գործարանի առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Խաչատրյանն ասել է, որ գարնանն ընկերությունը սկսելու է նոր արտադրատեսակների՝ մասնավորապես անկողնային պարագաների, վարագույրների, կանացի բաճկոնների արտադրությունը: Բոլոր թեմատիկաներում ընդգրկված են լինելու հայկական գորգարվեստի զարդանախշերը:
Հարակից հրապարակումներ`
- Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում զարգանում է
- Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով. 100-ամյա պատմություն
- Արցախյան գորգերը լայն տարածում ունեն նաև արտասահմանում.«Ղարաբաղ Կարպետ»-ի տնօրեն
- Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
- Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն (լուսանկարներ)