Փորձ է արվում հեղինակազրկել փաստաբանական ինստիտուտը. Տիգրան Հայրապետյան
Հայաստանում այսօր իրականում պաշտպանության կարիք ունեն ոչ թե փաստաբանները, այլ օրենքը և արդարադատությունը: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ փորձ է արվում հեղինակազրկել փաստաբանական ինստիտուտը, պաշտպանի օգտակարությունը, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններին դատարանները ձևական նշանակություն են տալիս:
«Դատախազությունը հստակ դիրքորոշում ներկայացրեց, ասաց հետևյալը՝ թող հանրային պաշտպանի փաստաբանները ներկա գտնվեն, որ եթե հանկարծ հրաժարվեն իրենց պայմանագրային պաշտպաններից, գոնե պահուստային փաստաբաններ լինեն դահլիճում, որ նիստը չխաթարվի: Այսինքն՝ պաշտպանը իր պաշտպանյալի շահերին հակառակ գործողություն է իրականացնելու: Անգամ եթե այդպիսի նպատակ ունեին, պետք չէր բարձրաձայնել դրա մասին»,- ասաց նա: Հայրապետյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ պաշտպանի կարևոր գործառույթը օգտագործվի ի վնաս պաշտպանյալի շահերի:
Հայրապետյանը նշեց, որ դատական-օրենսդիր-գործադիր իշխանությունները փոխկապակցված են աշխատում, եթե դրանցից մեկը չաշխատի, պետությունը չի կարող գոյություն ունենալ: «Մեծ ակնկալիք ունենք, որ ՍԴ-ն հունվարի 23-ին որոշում կկայացնի և որոշ չափով լույս կսփռի այդ խնդրի վրա»,- ասաց նա: Փաստաբանը նշեց՝ կարելի է այլ իրավակարգավորմամբ խնդիրը լուծել:
Դատական նիստերը դիտավորյալ ձախողելու փորձերը բացառելու համար, կարելի է օրինակ ասել՝ եթե փորձեն այդպես շարունակել, մեկ տարի շարունակ դատական նիստերը ձախողելու համար այսինչ կարգավորումը կարող է լինել: Ասենք՝ նիստերը շարունակվեն՝ առանց նրանց:
«Մենք ուրախանում ենք այդ սխալներից, հետագայում դրանք կօգտագործենք ՄԻԵԴ-ում, մեր պաշտպանյալները գումար կվաստակեն: Փոխանակ գան՝ իրավաբանություն անեն դատարանում, քաղաքականություն են անում»,- ասաց նա:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ չի կարող ներգրավվել, նշանակվել հանրային պաշտպան, երբ հանցանքի մեջ մեղադրվող անձը ունի իր պաշտպանը: Հանրային պաշտպան կարելի է ներգրավել, եթե անձը չունի բավարար միջոցներ՝ փաստաբան վարձելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, բայց այս իրավիճակում օրենքով նախատեսված բոլոր այդ դեպքերը բացակայում են:
Նրա գնահատմամբ՝ սա աբսուրդային, խայտառակ, ակնհայտ անօրինական ու կամայական մի իրավիճակ է, որը հասկանալի է՝ ինչու է կատարվում. նորից փորձ է արվում ճնշումների միջոցով այս պրոցեսը առաջ տանել: