Բավրայի բնակիչների բողոք-պահանջներն արձագանք չեն ստանում
Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի բնակիչները պահանջում են գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման ջուր, գյուղի բոլոր փողոցների լուսավորում, դպրոցի վերանորոգում, սպորտային դահլիճ և այլն: Այս մասին գրում է Jnews-ը:
Բավրայի բնակչությունը՝ 1000 մարդ է: Այս գյուղը առաջիններից էր, որոնց քաղաքին միացնող ճանապարհը ասֆալտապատվել էր, այսօր գյուղում պահանջում են գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում:
Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ պատմել են, որ շատ անգամ են դիմել համապատասխան մարմիններին խնդրի լուծման համար։
«Ամեն տարի դիմում են գրում և՛ գյուղապետը և՛ պատգամավորը, որպեսզի ճանապարհները վերանորոգեն, ամեն անգամ ասում են կանենք, սակայն մինչ հիմա չեն նորոգել», – ասել է Բավրա գյուղի բնակիչ Դավիթ Դավթյանը։
Իսկ գյուղի երիտասարդները նշել են, որ կառավարությունը խոստացել է մինչև 2020 թվականը վերանորոգել ճանապարհները։ Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասել է, որ մինչև 2020 թ. ենթակառուցվածքային զարգացման ծրագիրը չի նախատեսում գյուղամիջյան բոլոր ճանապարհների վերանորոգում:
«Սկզբնական մեր նպատակն է տարանցիկ ճանապարհների նորոգումը, մենք ունենք մշակված ծրագիր, որը վերաբերում է գյուղ տանող ճանապարհների նորոգմանը, մենք չենք կարող մի գյուղը ամբողջությամբ ասֆալտապատել, իսկ մյուսում ոչինչ չանել։ Սակայն եթե գյուղի ճանապարհը տարանցիկ է և մշակույթի տունը, եկեղեցին, դպրոցը կամ մանկապարտեզը այդ ճանապարհի վրա են, կասֆալտապատվեն։ Մենք ոչ մեկի չենք խոստացել մինչև 2020 թվականը նորոգել գյուղամիջյան ճանապարհները»,- բացատրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին