Անկախության սերունդը պետք է գոնե իմանա՝ ինչ կարող էր ունենալ, բայց կորցրեց. Հրաչ Պողոսյան
Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ով «Այրարատ» կինոթատրոնի համահեղինակներից է, արձագանքել է կինոթատրոնի շենքի ֆասադային հատվածի մի մասը խճանկարով պատելու համար հայտարարված մրցույթին: Իր ֆեյսբուքյան էջում ճարտարապետը գրել է. «Երեկ կարդացի՝ «Ռոսիա» կինոթատրոնի դահլիճի պատին մոզաիկայի մրցույթ են հայտարարել: Տխուր է: «Ռոսիան», «Երիտասարդների պալատը», «Հրազդան» մարզադաշտը կառուցվել են խորհրդային տարիներին /գրեցի ու մտածեցի՝ ինչ գեղեցիկ իմաստ ունի «խորհուրդ» բառը: Քաղաքապետարանը կոչվում էր «Քաղաքային խորհուրդ», կառավարությունը՝ «Նախարարների խորհուրդ», ենթադրվում էր, որ նախարարները հավաքվում են ու խորհրդակցում երկրի կառավարման մասին: Նույնը Քաղխորհուրդը, հիմա քաղաքաՊԵՏարան,ՎարչաՊԵՏ: Խորհրդի անդամը հիմա՝ ԱՎԱԳԱՆԻ: Իհարկե այն ժամանակ էլ խորհուրդները ֆորմալ էին/:
«Ռոսիան» նախագծելիս նպատակ էր դրված շուկայի տեղում, որ միշտ ցեխոտ էր՝ բարձր գրունտային ջրերի կամ անձրևների պատճառով, կառուցել մշակութային կենտրոն: Հիշեցնեմ, որ «Ռոսիա»-յի կազմում կար երկու դահլիճ՝ 1600 և 1000 տեղանոց, մեկ դահլիճ՝ 200 տեղանոց, ընդարձակ ճեմասրահ, ցուցասրահ՝ մոտ 1000 քմ, պարասրահ-1000 քմ, բար, ռեստորան: Համալիրը զարդարում էին Արա Շիրազի, Երվանդ Գոջաբաշյանի, Յուրա Պետրոսյանի, Օհան Պետրոսյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Էդիկ Խարազովի, Դավիթ Երևանցու մեծածավալ բարձրարվեստ քանդակները: Այսինքն՝ նպատակ էր դրված շուկայի փոխարեն ստեղծել / ու ստեղծվեց / մշակութային կենտրոն: Ավաղ, կյանքը նորից վերադարձրեց շուկան, ներողություն՝ՏՈՆԱՎԱՃԱՌ-ը: Իհարկե, չեմ հասկանում, թե ինչ տոնականություն կա դրա մեջ:
Նույնը վերաբերում է «Հրազդան» մարզադաշտի ուրվականին: Հավաքվում էին 70-80 հազար մարդ, գերազանց ֆուտբոլ էր: Հիմա Տոնավաճառ է:Այն ժամանակ հպարտանում էինք թիմով, հիմա՝ մեկ Մխիթարյանով, էն էլ՝ խաղում է ուրիշ երկրում: Հիմա բավարարվում ենք 10 հազար տեղանոց Հանրապետական մարզադաշտով:
Այս ամենը, իհարկե, պատմություն է: Սակայն անկախության տարիների սերունդը պետք է գոնե իմանա, թե ինչ կարող էր ունենալ, բայց կորցրեց:
Մոտ երկու տարի առաջ, երբ սկսվեց «Զվարթնոց»-ի քանդման պատմությունը, Ճարտարապետների միությունը դիմեց մշակույթի Նախարարություն՝ պահանջով, որ «Զվարթնոց»-ը ու «Ռոսիա»-ն մտցվեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակի մեջ, ավաղ, Մշակույթի նախարարությունը չարձագանքեց:
Տպավորություն է, որ առաջ գնալու փոխարեն, հետ ենք գնում:
Քաղաքի բոլոր շրջաններում կային 800 տեղանոց դահլիճներ: Հիմա ասում են՝ ժողովուրդը կինո չի գնում: Նախ՝ դահլիճը միայն կինոյի համար չէ, դահլիճը հավաքվելու տեղ է, երկրորդը՝ 800, 1600 մեկ տեղում հավաքված բազմությունը ուրիշ էներգետիկա ունի: 60-70 ականների երևանցիները կհիշեն ֆիզիկայի ինստիտուտի դահլիճը ու այնտեղի հավաքները:
Լավ, երևի մտածում եք՝ դե, վերջացրու: Վերջացրեցի»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ